Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է նաև եկեղեցական մակարդակով. Գարեգին Բ

03 Հոկտեմբեր, 2022 20:10
Հայ-իտալական  դարավոր բարեկամությունն արտահայտվում է նաև եկեղեցական մակարդակով. Գարեգին Բ

Հոկտեմբերի 3-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հանդիպմանը ներկա էր նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։

Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում բարեկամ Իտալիայի նկատմամբ, որի հետ հարաբերությունները խարսխված են ընդհանուր պատմամշակութային և քրիստոնեական արժեքների հիման վրա։

Բարձր գնահատելով երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջև ձևավորվող գործակցությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է նաև եկեղեցական մակարդակով, ինչի վկայությունն են Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունները։

Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմին և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողություններին՝ Նորին Սրբությունը նշեց, որ Արցախի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան ու ոտնձգությունները կանխելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության խիստ դատապարտումը։ Նորին Սրբությունը կարևոր նկատեց նաև միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի գործընթացում։

Իր հերթին պարոն Պիետրո Կուրցիոն ընդգծեց, որ Հայաստանն ու Իտալիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը և այդ առիթով վստահություն հայտնեց, որ հայ-իտալական ջերմ հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն նաև երկու երկրների Վճռաբեկ դատարանների միջև փորձի փոխանակմամբ և համագործակցությամբ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին