Կարևոր իրադարձություններ

Քրեակատարողական առողջապահական համակարգը համալրվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով

03 Հոկտեմբեր, 2022 18:08
Քրեակատարողական առողջապահական համակարգը համալրվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով

Ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը շարունակում է մնալ Արդարադատության նախարարության առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից։

Արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ ունեցած արդյունավետ համագործակցության արդյունքում քրեակատարողական առողջապահական համակարգի իր զինանոցը համալրել է հետևյալ սարքավորումներով՝
1) Էլեկտրասրտագրման սարք/ ECG.
2) Շարժական ուլտրաձայնային սարք.
3) Արյան անալիզատոր՝ համապատասխան ռեագենտներով, այդ թվում՝ արյան սպիտակ գնդիկների անալիզատոր.
4) Նմուշների ապահով տեղափոխման համար սարքավորում.
5) Շարժական սառնարան։

Բժշկական սարքավորումների ձեռքբերման հիմքը դեռևս 2021 թվականի աշնանը կազմակերպված գնահատման այցերն են, որոնց նպատակը քրեակատարողական առողջապահական համակարգի կարիքների գնահատումն էր։

Գնահատման այցեր են իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր», «Վանաձոր», «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ, որոնց արդյունքում միջազգային և ազգային փորձագետների կողմից կազմվել է գնահատման զեկույց, որը ներառել է անհրաժեշտ բժշկական սարքավորումների ցանկը, ինչպես նաև սարքավորումների տեխնիկական նկարագրությունը, ինչի հենքով կապահովվեր հասցեական արձագանք առկա կարիքներին։

Մրցութային գործընթացի արդյունքում նշված սարքավորումներն արդեն առաքվել են Հայաստան և տրամադրվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին։

Բժշկական սարքավորումները գնվել են «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի հիման վրա։

Ծրագիրը միտված է աջակցել ներպետական իշխանություններին բարելավելու քրեակատարողական հիմնարկներում հիվանդանոցային, մասնագիտացված բժշկական ծառայությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին