Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

Աներոջ տնամերձ հողամասում նռնակ պայթեցրած պայմանագրային զինծառայողը կալանավորվել է

30 Սեպտեմբեր, 2022 16:27
Աներոջ տնամերձ հողամասում նռնակ պայթեցրած պայմանագրային զինծառայողը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայողի կողմից կնոջ ծնողների տանը կից հողամասի ուղղությամբ նռնակ նետելու և պայթեցնելու դեպքի հանգամանքները:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  2022 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 23:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, գնալով կնոջ ծնողների՝ Սևան քաղաքի Խաչերի փողոցում գտնվող տուն, ընտանիքի անդամների ներկայությամբ, իր կողմից հափշտակված, ապօրինի կերպով պահվող և փոխադրված նռնակի գործադրմամբ, հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել կնոջ հոր հասցեին, որից հետո նռնակը նետելով հիշյալ տանը կից հողամասի ուղղությամբ՝ պայթեցրել է:

Բացի այդ, հիշյալ պայմանագրային զինծառայողը  2015 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի վերին սահմանային մարտական դիրքերից մեկից գտել, այնուհետև ապօրինի կերպով փոխադրել և պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակ, որը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանի պատշգամբից նետելով՝ պայթեցրել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով,  2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված  ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 338-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին