Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    404
    422

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի համար շատ կարևոր է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ԼՂ տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը. Վ. Դումանյան

29 Սեպտեմբեր, 2022 19:09
ՀՀ-ի համար  շատ կարևոր է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ԼՂ տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը. Վ. Դումանյան

2022 թ. սեպտեմբերի 28-30-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովը», որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Սեպտեմբերի 29-ին Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով անդամ պետությունների ներկայացուցիչներին, մասնավորապես ասել է.

«Պատիվ ունեմ ողջունելու ձեզ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի շրջանակում և իմ խորին շնորհակալությունը հայտնել Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը՝ հյուրընկալելու համար:

«Ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեման չափազանց կարևոր է, և հաճախ պահանջում է միջազգային ներգրավվածություն: Հայաստանի համար շատ կարևոր է ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձաններ, ինչպես նաև 12 պետական թանգարաններ և պատկերասրահներ՝ 21000 նմուշներով։ Այս պատմական վայրերի պահպանման հետ կապված լուրջ մտահոգություններ կան՝ հաշվի առնելով վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իր տարածքներում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման՝ Ադրբեջանի հայտնի և փաստագրված պրակտիկան, օրինակ՝ Նախիջևանի դեպքում։ Ադրբեջանն իրականացնում է Արցախում և մերձակա տարածքներում հայկական ներկայության պատմական ապացույցները բնաջնջելու քաղաքականություն՝ հայկական հուշարձանների և մշակութային վայրերի միտումնավոր ոչնչացման միջոցով։

Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանը շարունակաբար իրազեկում է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և սահմանին տիրող իրավիճակի մասին։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան, Սոթք քաղաքների և հարակից գյուղերի ուղղությամբ։

Ադրբեջանական ագրեսիան հանգեցրել է հարյուրավոր մարդկային կորուստների, այդ թվում՝ Հայաստանի խաղաղ բնակչության շրջանում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների պատճառով այժմ վտանգի տակ է գտնվում թիրախային շրջանների հարուստ մշակութային ժառանգությունը՝ ներառյալ ավելի քան 500 հուշարձան, 14 թանգարան՝ 45 000 նմուշներով։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից արդեն տեղահանվել է առնվազն 7600 հոգի։ Այդ մարդիկ այժմ զրկված են իրենց հիմնական իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի հասանելիության իրավունքից, որը հակասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին (հոդված 27), որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:

Այսպիսով, ավելի արդիական է դառնում անդրադառնալ այս խնդրին և իրականացնել դեպի Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը:

Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը պետք է լինեն խաղաղ գործընթացի կարևոր մասը: Այսպիսով, կոչ եմ անում միջազգային գործընկերներին իրենց ձայնն ու ներդրումն ունենալ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման գործում:

Ցանկանում եմ ընդգծել, որ ժառանգությունը ճանաչվում է որպես կայուն զարգացման, երկխոսության և խաղաղության կարևոր գործոն։ Մենք խորապես հավատում ենք, որ մշակութային և ազգային ինքնությունների նկատմամբ հարգանքն ու հանդուրժողականությունը կապահովեն ազգերի համար խաղաղ և կայուն ապագա՝ ստեղծելու և հարստացնելու համաշխարհային ժառանգությունը: Շնորհակալություն»:

Հավելենք, որ նշյալ նիստին մասնակցել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ուկրաինայի, Էկվադորի և այլ երկրների, ինչպես նաև «Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի» բարձրաստիճան ներկայացուցիչները:

 

Լրահոս

Դիտել ավելին