Կարևոր իրադարձություններ

Արփինե Սարգսյանի համակարգմամբ քննարկվել են ՆԳՆ ֆունկցիոնալ և ռեսուրսների կառավարմանն առնչվող մի շարք հարցեր

29 Սեպտեմբեր, 2022 18:14
Արփինե Սարգսյանի համակարգմամբ քննարկվել են ՆԳՆ ֆունկցիոնալ և ռեսուրսների կառավարմանն առնչվող մի շարք հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ներքին գործերի նախարարության ստեղծմանն ընդառաջ անցումային և հետագա փուլերի կարգավորմանը նվիրված հանդիպմանը նշել է, որ նախարարության պատշաճ կազմավորման համար անհրաժեշտ է փուլային սկզբունքով վեր հանել և գնահատել այն հիմնահարցերը, որոնք նախարարության ձևավորման և հետագա գործունեության փուլերում լուծում են պահանջում: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Սարգսյանը շեշտել է, որ նախարարության գործունեությանն առնչվող հարցերի մեծ մասը գործառնական տիրույթում են, բայցև պահանջում են մանրակրկիտ քննարկում և լուծումների նախանշում, որոնք հետագա փուլերում թույլ կտան պահպանել բարեփոխումների տրամաբանությունը:

Փոխնախարար Սարգսյանը նշել է, որ այս հանդիպմամբ տրվում է փորձագիտական քննարկումների շարքի մեկնարկը, որի շրջանակներում առանձնացվելու են նախարարությանն առնչվող թիրախային հարցեր: Սա թույլ է տալու օրենսդրական զարգացումներին զուգահեռ ունենալ նաև նախարարության կազմավորման գործնական պատկերի տեսլականը:

ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանն իր հերթին վերահաստատել է ԵԱՀԿ պատրաստակամությունը Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում փորձագիտական աջակցություն տրամադրելու հարցում:

Հանդիպման շրջանակներում ծավալվել է ակտիվ քննարկում ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստան ժամանած էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրի մասնակցությամբ, դիտարկվել են Ներքին գործերի նախարարության քաղաքականության մշակման գործառույթին, անձնակազմի կառավարմանը և ռեսուրսների բաշխմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Միգրացիայի ծառայության, Եվրոպական Միության, ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի, ԻՍԻԹԱՓ-ի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Հանդիպումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության կողմից՝ ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ: 

 

Լրահոս

Դիտել ավելին