Կարևոր իրադարձություններ

Մեր երկրում մարդիկ ուղղակի գոյատևում են. «Փաստ»

29 Սեպտեմբեր, 2022 08:41
Մեր երկրում մարդիկ ուղղակի գոյատևում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թ. հունվար-օգոստոսին 13,9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հատկապես նկատելի է աճը արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության ոլորտներում։ 2022 թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 52,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 58,2 տոկոսով: Քաղաքացու համար սրանք ուղղակի թվեր են, որոնք, սակայն, նաև հույս են ներշնչում, որ գուցե մեր կյանքի որակն էլ պետք է փոխվի: Այնինչ, մեր կյանքի որակը դեպի լավը չի փոխվում: Լրիվ ընդհակառակը:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է՝ մեր երկրում սպառողական նվազագույն զամբյուղը 84 հազար 500 դրամ է: «Մեզ մոտ ընտանիքի անդամների միջին քանակը մոտավորապես 4 անձ է: Եթե նրանցից մեկն աշխատում է և գումար վաստակում, պետք է ամենաքիչը 360 հազար դրամ աշխատավարձ ստանա, որ գոնե նվազագույն զամբյուղն ապահովի: Բայց լավ գիտենք, որ նման աշխատավարձ ստանում են պատգամավորները, շարքային քաղաքացիների 80 տոկոսը նման գումար չի վաստակում: Սա փաստում է, որ գտնվում ենք աղքատության բոլոր չափանիշներից ներքև: Սա պարզ տրամաբանություն և թվաբանություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նշում է՝ Լառոշֆուկոն չի, բայց սեփական աֆորիզմներն ունի: «Մարդը չի ծնվել բացառապես կոշիկ կամ պոմիդոր սպառելու համար, նա ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար: Եթե իր եկամուտը հազիվ է բավականացնում, որ կոմունալ վճարումները կատարի և սնունդ գնի, իր երեխաները և ինքը չեն հաճախում թատրոն, ֆիլհարմոնիա, չեն լսում Կոմիտաս ու օպերա, ո՞ւմ է պետք նման կյանքը: Վաղը սա ուղղակի անդրադարձ է ունենալու հասարակության որակի վրա»,- հավելում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մեր օրերում ու մեր երկրում մարդիկ չեն ապրում, այլ ուղղակի գոյատևում են: «Մեզ մոտ գները սրընթաց աճում են, բայց կոմպենսացիան, այսինքն՝ փոխլրացումը, համապատասխան չէ: Մեր ապրանքների գներն աճել են 16 և ավելի տոկոսով, հատկապես սնունդը, իսկ մեր թոշակն ավելացել է 2000-3000 դրամով: Շատ եմ այս միտքն ասել, կրկնելուց վնաս չկա: Գնաճ կա բոլոր երկրներում, բայց քաղաքակիրթ երկրներում գնաճի համեմատ եկամուտներն աճում են առաջանցիկ տեմպերով: Եթե մեզ մոտ էլ նման կերպ լիներ, գնաճն ուղղակի չէինք նկատի»,-հավելում է ՀԿ նախագահը:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին