«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վերջին շրջանում խմբագրությանը հաճախ են դիմում քաղաքացիներ՝ դժգոհելով, թե այս կամ այն ԲԿ-ում իրենց տեղեկացնում են, որ «պետպատվերը սպառվել է»: Ի մասնավորի, օրերս մեզ տեղեկացրեցին, որ «Արաբկիր» ԲԿ-ում երեխաների բժշկական խորհրդատվության համար առաջնային բուժհաստատություններից բերված ուղեգրերը չեն «գործում». քաղաքացիներին ասվել է, որ մինչև դեկտեմբերի 16-ը «պետպատվեր» այս գծով չի լինելու: Ստացվում է՝ որքան էլ երեխայի վիճակը ծանր լինի, ծնողը կա՛մ պիտի հերթագրվի դեկտեմբերի 16-ից հետո, կա՛մ վճարի, ասենք, 10 հազար դրամ զուտ խորհրդատվության համար:
Բուժօգնություն իրականացնող կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում ծառայություններն իրականացվում են տվյալ կազմակերպության տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում՝ ամսական կտրվածքով հաստատված տվյալ ծրագրի համամասնությունների չափով: Պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման կամ բժշկական կազմակերպության համապատասխան ծառայության թողունակության անբավարարության դեպքում բժշկական կազմակերպությունը բուժօգնությունը իրականացնում է հերթագրման եղանակով:
Իսկ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, հիվանդի կամ նրա հարազատի տեղեկացված գրավոր համաձայնությամբ՝ համաձայն Որոշմամբ հաստատված N4 հավելվածի 10-րդ կետի»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: