Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    404
    422

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետը եղել է Բերդաշենի դպրոցի շինհրապարակում

28 Սեպտեմբեր, 2022 19:36
Շիրակի մարզպետը եղել է Բերդաշենի դպրոցի շինհրապարակում

Աշխատանքային այցի շրջանակներում մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինհրապարակում, աշխատանքներն այս պահին դադարեցված են՝ որոշակի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Դպրոցը կառուցվում է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման» ծրագրի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսվում է 2023-ին:

Մարզպետն այցելել է նաև Ամասիայի մանկապարտեզ, հետևել հաստատության աշխատանքներրին, որից հետո Ամասիայի համայնքապետարանում անցկացվել է արտագնա խորհրդակցություն։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել ինչպես պետական միջոցներով իրականացվող առանձին, այնպես էլ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ու դրանցում արձանագրված հիմնախնդիրներին։

Մարզպետին զեկուցվել է, որ 2023-ի համար համայնքը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի նոր փաթեթ, ըստ որի համայնքի 7 բնակավայրերում իրականացվելու է 4 սուբվենցիոն ծրագիր 11 ենթածրագրով։ Ներկայացվել են Արդենիս և Զարիշատ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի անցկացման, Բանդիվան, Ողջի, Գտաշեն, Զարիշատ բնակավայրերի վարչական շենքերի վերանորոգման, Ամասիա բնակավայրի Հայսա թաղամասի և Բերդաշեն, Արդենիս, Ողջի բնակավայրերի խմելու ջրագծի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման ծրագրերը։

«Մեզ համար սուբվենցիոն ծրագրերի նպատակայնությունը, կարիքների գնահատումն ու համայնքների առաջնային հիմնախնդիրները հաշվի առնելն է կարևոր նախապայման։ Պետք է պլանավորենք ու իրականացնենք հաշվի առնելով համայնքի հիմնահարցերի առաջնահերթությունները»,- արտագնա նիստի մեկնարկին նշել է մարզպետը՝ կարևորելով համայնքներում սուբվենցիոն հայտերի ներկայացումից առաջ հանրային լսումների անցկացումն ու համայնքաբնակների կարծիքը հաշվի առնելը։

Ըստ մարզպետի, միայն խնդիրների առաջնահերթությունը կարևորելով հնարավոր կլինի քայլ-քայլ առաջ գնալ, այնինչ այս հարցում մարզի համայնքները թերանում են․

 

«Առկա խնդիրները պատշաճ կերպով չեն բարձրացվել, արձանագրեք, որ հանրային լսումներն այս պարագայում ընդհանրապես չեն իրականացվել։ Գյուղն ունի բազմաթիվ խնդիրներ՝ ճանապարհների խնդիր, ջրամատակարարման խնդիր, լուսավորության խնդիր և այլն։

Վերանորոգվում են ինչ-որ համայնքային կենտրոններ և դա իրականացվում է սուբվենցիոն ծրագրերով։ Անզեն աչքով այդ կենտրոնները տեսնելով մտածում ես, որ դա մի կենտրոն է որտեղ բնակիչները հավաքվելու են ազատ ժամանակ անցկացնելու նպատակով, բայց ես ականատես եղա տարբեր տեղաբաշխվածություն ունեցող ինչ-որ անհայտ ծագման սենյակների, այսինքն ամբողջ համայնքային կենտրոնը վատթար վիճակում է, մեկ կամ երկու սենյակ կիսատ վերանորոգված, սա որևէ նպատակի չի ծառայելու։

Այդ ծրագրերում նախատեսված չէ ջեռուցման խնդիր, ինչը վկայում է այն մասին, որ երկու տարի հետո այդ վերանորոգումը ջուրն է լցվելու, պետության գումարները ջուրն են լցվելու»։

 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սեփական եկամուտների հավաքագրմանը, Ամասիան սեպտեմբերի 23-ի տվյալներով եկամուտներն հավաքագրել է 87,5 տոկոսով։

Արդյունքները բավարար են, սակայն ոչ գոհացնող, այս առումով աշխատանքներ դեռ կան իրականացնելու։ Մարզպետն հորդորել է պատասխանատուներին այս հարցում լինել առավել հետևողական և պարտաճանաչ՝ հնարավորինս բարձր արդյունք գրանցելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին