Կարևոր իրադարձություններ

Երկու տարի անց դեռ ավելանում ու ավելանում են շիրմաքարերը, պանթեոնի տարածքն ավելի է ընդլայնվում (լուսանկարներ)

27 Սեպտեմբեր, 2022 17:11
Երկու տարի անց դեռ ավելանում ու ավելանում են շիրմաքարերը, պանթեոնի տարածքն ավելի է ընդլայնվում (լուսանկարներ)

2020 թվական, սեպտեմբերի 27. թշնամին Արցախում սկսեց լայնամասշտաբ պատերազմ, որը տևեց 44 օր` խլելով 3000-ից ավելի կյանք. ունեցանք գերիներ ու անհետ կորածներ:

2022 թվական, սեպտեմբերի 27, Եռաբլուր զինվորական պանթեոն. առավոտյան ադորրը խախտում են ծածանվող դրոշների ու կարոտի լացի ձայները, մեղմ քամին ծխացող խնկի բույրը հասցնում է քեզ, ու դու խեղդվում ես անզորությունից:

Հեռվում նկատվում է շիրմաքարը խնամքով մաքրող, ծաղիկները հատիկ-հատիկ քնքշությամբ դասավորող մի երիտասարդ կին: Ավարտելով գործը` 36-ամյա Վարդուհին նստում է ամուսնու շիրմաքարի դիմացի նստարանին: Լուռ քայլերով մոտենում եմ կնոջն ու նստելու թույլտվություն ստանում: Հոգոց է հանում. «Վատն այն է, որ դեռ շարունակվում է, այսքանով չի ավարտվում»:

Տավուշցի Աշոտի կինը ամուսնուց վերջին զանգը ստացել էր սեպտեմբերի 29-ին, զոհվելու լուրն իմացել է հոկտեմբերի 5-ին: «Չէր զանգում, մտածում էինք միգուցե հարմար չէ, կամ մարտկոցն է նստել, հազար ու մի բան, բայց ոչ սա, նույնիսկ պատերազմի օրերին ելքն էսպես չէինք պատկերացնում, նույնիսկ վիրավոր, ամենատարբեր ձևերով, բայց ոչ էսպես, սա մի ուրիշ բան է»,- ասում է Վարդուհին:

Աշոտը խաղաղապահ բրիգադում պայմանագրային զինծառայող էր, 2009-ից զինված ուժերում էր, սկզբում Տավուշում էր ծառայությունն իրականացնում, հետո ընտանիքի հետ տեղափոխվում է Երևան:

«Կիրակի էր, ոչ աշխատանքային, տագնապով է գնացել, երևի Հայաստանից գնացող առաջին զորքը իրենք են եղել»-ասում է խաղաղապահի կինը` ավելացնելով` «զոհվել է Քարվաճառում, սեպտեմբերի 30-ին»:

Աշոտի և Վարդուհու 11 և 13-ամյա որդիները որոշել են շարունակել հայրիկի գործը: Տղաները սիրում են զինվորականի աշխատանքը, հիմա էլ սիրուն գումարվել է վրեժը: «Էրեխեքը շատ չեն խոսում, պահում են իրենց ներսում, մի կերպ դիմանում են»-ասում է Վարդուհին:

Երիտասարդ կինը շարունակում է ապրել` հանուն երեխաների, եթե ոչ ամեն օր, ապա ամեն շաբաթ անպայման բարձրանում են Եռաբլուրի բարձունք: Ապրում են վարձով, պետության աջակցությամբ, սկզբում եղած բարերարներն էլ էլ չկան:

Ամեն կողմից ժպիտով նայող հազարավոր շիրմաքարերի ու դրոշների արանքից հանկարծ երևացին գունավոր ու 22 թվանշանով փուչիկներ: Քայլերս ակամա ուղղվեցին այդ կողմ: Շիրմաքարից հպարտությամբ նայող աչքերը հետևում էին ինձ: Կարդում եմ` Պոնչ, նռնաձիգ, 2000-2020: Էդգար Մարգարյանը` Պոնչը, այսօր կդառնար 22 տարեկան: Ծնողներն ու հարազատները եկել էին շնորհավորելու իրենց որդուն, տորթ ու գինի էլ էին բերել, չէ որ ծնունդն առանց դրանց չեն նշում:

Նռնաձիգ Էդգարին բանակում Պոնչ էին ասում, ծառայում էր Հադրութում, հունվարի 15-ին պետք է զորացրվեր: «Վերջին անգամ սեպտեմբերի 26-ին էինք խոսել, պատերազմը սկսել է ու էլ չենք խոսել»- ասում է Էդգարի հայրը` Հրաչը

Որդին հոկտեմբերի 1-ին է զոհվել,  այդ մասին հոկտեմբերի 3-ին են իմացել, բայց նրա մարմինը կարողացել են գտնել միայն հունվարի 17-ին: «Սեպտեմբերի 27-ից Եղիգնաձորի դիահերձարանում է եղել, ուղղակի այնքան շատ էին, նկար էլ չկար, որ նկարով ճանաչեինք, դրա համար ուշ ենք գտել»,-ավելացնում է Պոնչի հայրը:

Երկու տարի անց դեռ ավելանում ու ավելանում են շիրմաքարերը, պանթեոնի տարածքն ավելի է ընդլայնվում, ու պատերազմը դեռ չի ավարտվել:

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին