Կարևոր իրադարձություններ

Հունաստանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

27 Սեպտեմբեր, 2022 16:01
Հունաստանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
 
Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
 
Հույն պատգամավորներն առանձնակի ուշադրությամբ են ծանոթացել սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:
Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
 
Հարություն Մարությանը հյուրերին է նվիրել 1913-1922 ամերիկյան մամուլում հրատարակված Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության մասին հոդվածների ժողովածու (The Genocide of the Ottoman Greeks. Reports from the USA Press 1913-1922), 1922 թ. բազմաթիվ հույների և հայերի կյանք փրկած ճապոնական Տոկեի Մարու նավի մասին գիրք և Զմյուռնիայի աղետի 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկված փոստային բացիկ:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին