Կարևոր իրադարձություններ

Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցը վերաբացվել է

27 Սեպտեմբեր, 2022 13:10
Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցը վերաբացվել է

Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը վերաբացվել է և իր դռները կրկին բացել է հարյուրավոր սաների առջև:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը, մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են հիմնարար վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում մարզադպրոցն այժմ համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին: Մարզադպրոցում տեղադրվել են ջեռուցման և հովացման ժամանակակից համակարգեր, բարձրակարգ օդորակիչներ, գերժամանակակից լույսեր, վարժասարքեր, ըմբշամարտի համար նախատեսված բարձրորակ գորգեր: Վերանորոգվել են մարզադպրոցի հանդերձարանները, լոգասենյակները, կառուցվել է նաև շոգեբաղնիք:

Մարզադպրոցի վերաբացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, բարերար Վազգեն Գևորգյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և ըմբշամարտի աշխարհի այլ ներկայացուցիչներ:

Նշենք, որ ըմբշամարտի այս մարզադպրոցը 1960-ական թվականներին հիմնադրվել է Նորայր Մուշեղյանի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին