Կարևոր իրադարձություններ

Շարժական թերապիան մարդուն դարձնում է սթրեսակայուն, ազատում է սթրեսից. «Փաստ»

27 Սեպտեմբեր, 2022 09:20
Շարժական թերապիան մարդուն դարձնում է սթրեսակայուն, ազատում է սթրեսից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ֆիթնես մարզիչ, սննդաբան Տիգրան Ասկարյանի հետ զրուցել ենք ֆիզիկական ակտիվության կարևորության, սթրեսի և այդ ակտիվության միջև եղած ուղիղ կապի ու սննդակարգի մասին: Շատ է կարևորվում ֆիզիկական ակտիվությունը դեռ փոքր տարիքից: Տիգրանն ասում է, որ իր մոտ հաճախող երեխաների ամենամեծ խնդիրը սկոլիոզն է:

«Կոտայքի մարզի մասին հստակ կարող եմ ասել, որ դպրոցներում առկա չեն օրթոպեդիկ նստարաններ, բացի դա, ուսապարկեր ձեռք բերելիս հաշվի չի առնվում այն, որ երեխաների ողնաշարը փխրուն է, իսկ դպրոցական գրքերը բավականին ծանր են: Այդ ծանրության պատճառով սկոլիոզը սկսում է զարգանալ: Մյուս կողմից՝ երեխաները ֆիզիկական ակտիվություն գրեթե չեն դրսևորում ողնաշարի հետ կապված, առաջանում է մկանային դիսբալանս և մկանային տոնուսի անկում: Որևէ տեղեկություն չի տրվում ճիշտ սնվելու մասին, դպրոցում այս կարևոր հարցերը չեն դասավանդում: Ամենավատն այն է, որ մեր դպրոցների բուֆետները նախատեսված չեն առողջ սննդի համար, չիպսերի և մնացյալի վաճառքն ուղղակի կարգելեի դպրոցում»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Տիգրանն՝ ընդգծելով, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել երեխաների ֆիթնեսի զարգացմանը:

Տիգրանը հոգեբանական գիտությունների մագիստրոս է, պաշտպանած թեզը վերաբերում է շարժական թերապիային, որը կիրառում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելիս: «Իմ թեզում նշել եմ, որ շարժական թերապիան երեխաների մոտ կիրառելով՝ կարող է առաջընթաց գրանցվել: Ֆիթնես, պար, լող. սրանք (և ոչ միայն) երեխաների մոտ կարող են աշխատեցնել մեծ ու մանր մոտորիկան»,-ասում է մեր զրուցակիցը:

Ֆիզիկական ակտիվությունը, մասնավորաբար՝ մարզասրահ այցելելը դիտարկվում է որպես քաշը կորցնելու կարևոր նախապայման: Մյուս կողմից` կարևոր է նաև սննդակարգը, հակառակ դեպքում կայուն արդյունք գրանցել դժվար թե ստացվի: Այս մասին ևս հարց ուղղեցինք Տիգրանին: Նշում է՝ իր մոտ գալիս են և ասում, որ ունեն քաշ կորցնելու խնդիր: «Պատասխանում եմ՝ առանց սննդակարգի մեր մարզաձևը հավասար է բանվորության: Որևէ արդյունք չեք ստանալու: Այսպես ասենք՝ առաջին ամսում, բնականաբար, որոշակի արդյունք կլինի, որովհետև նիհարեցման ամբողջ պրոցեսը հիմնված է կալորիականության դեֆիցիտ ստեղծելու վրա, այսինքն՝ շատ ծախսել եք, քիչ ստացել, բնականաբար նիհարում եք: Հիմա ինչո՞ւ չեք նիհարում: Պետք է հետևեք սննդակարգին, որը գրված է մարզչի, սննդաբանի կամ համապատասխան կրթություն ունեցող անձի կողմից:

Կարևոր է, որ սննդակարգը չվնասի մարդու առողջությանը, երբեմն գալիս են մարդիկ, որոնց մոտ առողջական խնդիրներ են առաջացել սխալ կազմված սննդակարգի հետևանքով: Նիհարեցման ամբողջ պրոցեսը տեղի է ունենում միայն սննդակարգով: Սնվելու կուլտուրա չունենք, ո'չ սովորում ենք դա տանը, ո'չ դպրոցում: Ոչ մի ինֆորմացիա չունենք: Եթե այցելում ես մարզասրահ, կա հնարավորություն մարզիչ ունենալու, ապա այդ ինֆորմացիան տրամադրողը պետք է լինի քո մարզիչը, կամ էլ պետք է աշխատես կրթություն ունեցող սննդաբանի հետ, նա ոչ թե ուղղակի դիետա կնշանակի, այլ կբացատրի ու կսովորեցնի, թե ինչո՞ւ է պետք կալորիականությունն իջեցնել կամ բարձրացնել, ինչպե՞ս անել, որ որոշ ժամանակ հետո նորից քաշ «չհավաքես»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին