Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    410
    428

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

ԱՍՀ և ՏԿԵ նախարարները քննարկել են տեղահանված քաղաքացիներին աջակցության տրամադրմանը վերաբերող հարցեր

26 Սեպտեմբեր, 2022 21:36
ԱՍՀ և ՏԿԵ նախարարները քննարկել են տեղահանված քաղաքացիներին աջակցության տրամադրմանը վերաբերող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպում են ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում նախարարությունների կողմից տարվող աշխատանքներին, այդ թվում՝ տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրմանը, «Առաջնային կարիքի հաշվառման» և «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակների գործարկմանը, միջազգային գործընկերների հետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում ՀՀ կառավարության կողքին լինելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։

«Գործընկեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը կարող ենք կազմակերպել երեք ուղղությամբ՝ ՏԿԵ նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացում՝ ուղղված խոցելի համայնքներին և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ճգնաժամային իրավիճակում հայտնված մարզերին, երկրորդ՝ միջազգային գործընկերների ներգրավում՝ պետական գործող ծրագրերում և երրորդ՝ տեղահանվածներին աջակցության տրամադրում՝ ըստ առաջնահերթությունների»,- մանրամասնել է ԱՍՀ նախարարը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս ընդգծել է համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության դերը և հավելել․ «Նախարարությունները, մարզպետարանների և համայնքների հետ համագործակցությամբ, շարունակում են անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ առկա խնդիրների վերհանման և նպատակաուղղված, թիրախային լուծումներ տալու ուղղությամբ։ Տեղահանվածներին առնչվող հրատապ հարցերից բացի, կան նաև երկարաժամկետ լուծում պահանջող խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում»։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկները, նրանց կողմից արձանագրված խնդիրները, համագործակցության տարբերակները։ Վերջիններս պատրաստակամություն են հայտնել՝ ներդնել ռեսուրսներ և ջանքեր՝ ըստ անհրաժեշտության թիրախային ու հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին