Կարևոր իրադարձություններ

Պարզվել է Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցների հետևանքով մահացածների ինքնությունը

25 Սեպտեմբեր, 2022 15:23
Պարզվել է Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցների հետևանքով մահացածների ինքնությունը

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է երեկ հրազենային վնասվածքով նշված կենտրոն տեղափոխված քաղաքացին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Ծերենցի փողոցում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգի տեղում ծառայություն կատարող պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկների կողմից տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:

 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար նշանակված քննիչ Արթուր Իսկանդարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշով:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ կրակոցների հետևանքով տեղում մահացել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Արթուր Փ.-ն, իսկ այսօր «Ասղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հ.-ն:

Ոստիկանների և քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեկ՝ ժամը 20:30 –ի սահմաններում Ծերենցի փողոցում՝ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում, միմյանց հետ վիճաբանել են Արթուր Փ.-ն, Մանվել Հ.-ն, Երևանի բնակիչներ, 44-ամյա Միքայել Հ.-ն, 39-ամյա Նորայր Հ.-ն, 48-ամյա Կարեն Հ.-ն, 21-ամյա Արթուր Կ.-ն, 24-ամյա Կարապետ Կ.-ն, 44-ամյա Սեյրան Զ.-ն, 21-ամյա Տիգրան Ա.-ն, 24-ամյա Վոլոդյա Գ.-ն և 27-ամյա Հովհաննես Պ.-ն:

Այնուհետև հեռանալով, Արթուր Կ.-ն 5 րոպե անց Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հովհաննես Պ.-ի հետ վերադարձել են նշված վայր, որտեղ վերջինս իր մոտ եղած դեռևս չպարզված տեսակի հրազենից կրակոցներ է արձակել մի քանի հոգու ուղղությամբ, ինչի հետևանքով Արթուր Փ.-ն տեղում մահացել է, իսկ Մանվել Հ.-ն հրազենային վնասվածքներով պարեկների ավտոմեքենայով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ ճիշտ և գրագետ օպերատիվ-հետախուզական,այնուհետև նրանց միացած Մալաթիայի քննիչների կողմից քննչական միջոցառումների արդյունքում Հովհաննես Պ.-ն Բավրա սահմանային անցակետով երբ փորձել է հատել Հայաստանի սահմանը, հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 24-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել էին մեծ քանակի ինքնաձիգից արձակված պարկուճներ, ատրճանակից արձակված պարկուճներ, արնանման հետքեր։

 

 

 

ԼՐԱՀՈՍ

Լրահոս

Դիտել ավելին