Կարևոր իրադարձություններ

Հայաստանի անկախությունից հետո կուսակցությունն անմիջականորեն ներգրավվեց մեր պետականության կերտման գործին. ՀՀ նախագահի ուղերձը՝ ՍԴՀԿ 135-ամյակի առթիվ

24 Սեպտեմբեր, 2022 17:52
Հայաստանի անկախությունից հետո կուսակցությունն անմիջականորեն ներգրավվեց մեր պետականության կերտման գործին. ՀՀ նախագահի ուղերձը՝ ՍԴՀԿ 135-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի կապակցությամբ։ 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում ասված է․

«Հարգելի տիկնայք և պարոնայք,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության հիմնադրման 135-ամյակի կապակցությամբ:

Հիմնադրման օրվանից ի վեր Հնչակյան կուսակցությունն ամենաակտիվ կերպով ձեռնամուխ եղավ հայ ազգային, քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման գործին:

Տասնամյակներ շարունակ Հնչակյան կուսակցությունն իր հովանու տակ է համախմբել ազգային, պետական գործիչների, ովքեր անմնացորդ կերպով ծառայել են հայրենապահպանությանը՝ թե զենքով, թե իրենց կրթամշակութային ու հասարակական-քաղաքական գործունեությամբ:

Ցեղասպանությունից հետո Հնչակյան կուսակցությունն այն առաջատար կառույցներից էր, որը կարողանում էր կազմակերպել ու կանոնակարգել ամբողջ աշխարհով սփռված հայության համայնքային կյանքը, հիմնում էր դպրոցներ ու մշակութային կենտրոններ՝ մեծապես նպաստելով Սփյուռքում հայապահպանության գործին:

Հայաստանի անկախությունից հետո կուսակցությունն անմիջականորեն ներգրավվեց մեր պետականության կերտման գործին, մշտապես դրսևորելով պետականակենտրոն ու սկզբունքային վարքագիծ, իր բոլոր հնարավորություններն ի սպաս դնելով նորանկախ Հայաստանի հզորացմանն ու կայացմանը:

Եվ այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին:

Տիկնայք և պարոնայք,

Կրկին շնորհավորում եմ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներին ու համակիրներին կուսակցության 135-ամյակի առթիվ և մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ` հանուն մեր ընդհանուր ազգային նպատակների իրագործման, հանուն հզոր ու զարգացող Հայաստանի»:

 

Լրահոս

Դիտել ավելին