Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    404
    422

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Բարդ է նայել ընդհատված կյանքերին ու քարացած սրտով հույզերը վերածել բառերի. «Փաստ»

24 Սեպտեմբեր, 2022 09:19
Բարդ է նայել ընդհատված կյանքերին ու քարացած սրտով հույզերը վերածել բառերի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պատմության բոլոր ժամանակահատվածներում գրքերն են եղել մեզ մարդկանց, նրանց բարքերի, պատմության ու քաղաքակրթության մասին պատմող հիմնական աղբյուրները: Չնայած հիմա համացանցը լայն հնարավորություններ է տալիս տեղեկատվություն ստանալու ու փոխանցելու առումով, միևնույնն է՝ գիրքը երբեք չի կորցնում իր արժեքն ու նշանակությունը: 44-օրյա պատերազմի, տղաների կյանքի ու սխրագործությունների մասին վստահաբար շատ է պատմվելու, հեղինակներից շատերը հանձն են առնում այդ պատմությունները թղթին փոխանցելու բարդ գործը:

Նրանցից մեկը «Երիտասարդ գրողների գրական ակումբ», «Ստեղծագործողների դպրոց» առցանց հարթակների հիմնադիր Սոնա Վանյանն է: Մեր զրույցի առիթը «Մարդը և մարտը» իրապատումների ժողովածուն էր, սակայն Սոնայի հետ խոսել ենք նրա ստեղծագործական ուղու, պատերազմի մասին գրելու բարդությունների մասին: Սոնան ստեղծագործում է 8 տարեկանից, չնայած, ինչպես ինքն է ժպտալով ասում, դեռևս 2-3 տարեկանում բանաստեղծությունների որ հատվածը չէր հիշում, հորինում էր։

«Գրական լրջագույն գործունեությամբ զբաղվում եմ 2015 թ.-ից, երբ հիմնեցի «Երիտասարդ գրողների գրական ակումբ» առցանց հարթակը։ Առաջին 2 ժողովածուներս բանաստեղծություններ են, որոնք համահավաք գործեր են և ընդգրկում են ոչ միայն իմ, այլ նաև վերոնշյալ խմբի հեղինակների ստեղծագործությունները։ Երրորդ և չորրորդ գրքերս լույս տեսան համավարակի շրջանում, և քանի որ չկար գործող տպարան, գրքերը հասանելի դարձան էլեկտրոնային տարբերակով։ «Նա»-ն և «Հավատի ուժը» նվիրված են Քառօրյա պատերազմին, իրապատում վիպակներ են։ Նշված ժողովածուների տրամաբանական շարունակությունը դարձավ 44-օրյա պատերազմի անմահ հերոսներին նվիրված «Մարդը և մարտը» գիրքը, որը կդառնա եռագրություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սոնան:

Հետաքրքրվում եմ՝ արձա՞կ, թե՞ չափածո ժանրում է իրեն ավելի թեթև և ազատ զգում: «Երկուսն էլ հավասարապես հարազատ են և սրտամոտ։ Արձակի ստեղծումն ավելի երկար ընթացք է պահանջում, իսկ չափածոն՝ փոքր-ինչ կամակոր է. հույզերդ պետք է համով ու հանգավոր ձևակերպես»,-նշում է զրուցակիցս:

Ի դեպ, Սոնան հայոց լեզվի, հայ և համաշխարհային գրականության դասախոս է, դասավանդում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, զուգահեռ զբաղվում է գրքերի սրբագրման ու խմբագրման աշխատանքներով, պատրաստվում է հրատարակել նաև մասնագիտական դասագրքեր։ Սահուն քայլերով հասնում ենք զրույցի բուն նյութին: «Մարդը և մարտը» գիրքը իրապատումների ժողովածու է՝ 44-օրյա պատերազմում անմահացած 25 հերոսների մասին: Հարցիս՝ բարդ չէ՞ր պատերազմին անդրադառնալը, հեղինակն այս կերպ է արձագանքում. «Բարդ է պատերազմի մեջ ապրելը, բարդ է նայել ընդհատված կյանքերին ու քարացած սրտով հույզերը վերածել բառերի։ «Մարդը և մարտը» գրել եմ 2 ամսում, բայց արդեն 2 տարի է՝ ծավալուն աշխատանքից ու ծանրացած ապրումներից հետ չեմ գալիս»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին