Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ց է սկսվել փաստաբանական համայնքի լարվածությունը. «Ժողովուրդ»

20 Հոկտեմբեր, 2015 08:27
Ինչի՞ց է սկսվել փաստաբանական համայնքի լարվածությունը. «Ժողովուրդ»

Արդեն մեկ ամիս է, ինչ փաստաբանական համայնքում կռիվ է ընկել: Ակտիվորեն քննարկվում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի միջեւ առաջացած վիճաբանությունը: Իսկ ինչի՞ց է սկսվել լարվածությունը:

Այն, որ քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանության բնագավառում գերագույն դերակատարը հենց փաստաբաններն են, մասնագետների այն խումբը, որոնց օրինակելի եւ պրոֆեսիոնալ պահվածքից է նաեւ կախված իրավական պետություն ունենալու մեր բոլորի երազանքը, թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Փաստաբանների հակամարտող կողմերի առանցքային դերակատարները բոլորն էլ պրոֆեսիոնալ ու հարգարժան մասնագետներ են, որոնք, հուսանք, փոխադարձ հանդուրժողականությամբ կկարգավորեն իրենց հարաբերությունները:

Ով ում դեմ պատվիրեց

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ըստ ժամանակագրության եւ մեր ունեցած փաստերի համադրության արդյունքում:

Այսպիսով, հոկտեմբերի 3-ին տեղեկություններ էին տարածվել, որ ՓՊ խորհրդի նիստի ժամանակ փաստաբաններ Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Տիգրան Խուրշուդյանի միջեւ վիճաբանություն է եղել, որից հետո փաստաբան Տիգրան Խուրշուդյանը շիշ է շպրտել փաստաբան Լուսինե Սահակյանի ուղղությամբ: «Հրապարակ»-ը գրեց, որ փաստաբանները «ռազբորկայի» են դուրս եկել փողոցում եւ խնդիրը փորձել կարգավորել «գողական» մակարդակով` «իրար վրա մարդ բերելով»: Ստեղծված իրավիճակը պատճառ էր դարձել, որ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարգապահական վարույթ հարուցի վիճաբանության մասնակիցների՝ մասնավորապես Երվանդ Վարոսյանի եւ Տիգրան Խուրշուդյանի նկատմամբ:

Այս վեճը հիմք դարձավ, որ փաստաբանների միջեւ առկա ներքին լարվածությունը դառնա հանրային քննարկման առարկա: Նախ փաստաբանները հայտարարեցին, թե  նախագահ Արա Զոհրաբյանն իրենց դեմ պատվիրված նյութեր է հրապարակում. «Պալատի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Ա. Զոհրաբյանն ի թիվս այլ հարցերի ձեռնամուխ եղավ պալատի աշխատակազմի քանակի շեշտակի ավելացմանը` տարատեսակ պաշտոններ ու հաստիքներ ձեւավորելով: Համարելով, որ ներկայացված նոր հաստիքացուցակն արհեստականորեն ուռճացված է, որպես խորհրդի անդամներ, մենք դեմ ենք քվեարկել դրա հաստատմանը: Բանը հասավ նրան, որ Արա Զոհրաբյանն ուղիղ հայտարարեց, որ մեր կարծիքն ու դիրքորոշումը համարում է իր անձի դեմ ուղղված, եւ տեսնելով, որ անդրդվելի ենք, խոստացավ, որ իր ողջ վարչական ռեսուրսը կենտրոնացնելու է մեր դեմ պայքարում»:

Այնուհետեւ ՓՊ խոսնակի եւ լրագրողի անբարեխիղճ միջամտությամբ իրավիճակն առավել սրվեց, երբ հայտնի դարձավ, որ խոսնակ Հայկ Հակոբյանը նյութ է պատվիրել մի կայքում, ինչը փաստաբան Վարոսյանը արագ բացահայտեց:

Արա Զոհրաբյանը իր հայտարարությամբ համերաշխության կոչ էր արել. «Ես եւ խորհրդի անդամները ժամանակավոր ենք եւ որոշ ժամանակ հետո թողնելու ենք մեր արածների հետեւանքները՝ թե՛ լավ, թե՛ վատ, գնահատականը կտան փաստաբանները: Փաստաբանների պալատն ունի 1583 անդամ, եւ հնարավոր չէ, որ 1583 փաստաբան մտածեն նույն կերպ կամ գործեն նույն կերպ»:

Այն, որ փաստաբանների շրջանում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է եւ լուծումներ է պահանջում, բոլորն են համակարծիք, սակայն մինչ օրս այդպես էլ անհասկանալի մնաց, թե փաստաբանների միջեւ ներքին թշնամանքը որտեղից է գալիս, որը երբեմն հասնում է վիրավորանքի: Ի վերջո, մրցակցությունը չի կարող նման լարումներ առաջացնել:

Գաղտնիքի պատճառո՞վ

Չի բացառվում, որ փաստաբանների պալատի նախագահի եւ փաստաբան Լուսինե Սահակյանի ու նրա մտերիմ փաստաբանների հարաբերությունները լարվել են պալատի հետ այն օրվանից, երբ փաստաբան Լուսինե Սահակյանի հարազատներից մեկը դիմել է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանին եւ խնդրել, որ իր շահերը դատարանում պաշտպանեն: Եւ դժվար է ասել՝ փաստաբան Սահակյանի հարազա՞տն է Փպալատին խնդրել, որ իր դիմումի մասին չասի Սահակյանին, թե՞ Փպալատում են, այնուամենայնիվ, որոշել գաղտնի պահել այդ դիմում-խնդրանքը, այդպես էլ անհայտ է մնում: Ամեն դեպքում, Լուսինե Սահակյանը կարող էր՝ որպես պալատի անդամ, տեղյակ լինել, որ իր հարազատը գործընկերներից մասնագիտական օգնություն է խնդրել: Բայց, դե, ինչպես ասում են՝ եղածը եղած է….

Հ. Գ. Այս պատմության մեջ մեզ համար ամենացավալին լրագրողի պահվածքն է, ով պատվեր է կատարել, ապա բացահայտել է իր ինֆորմացիայի աղբյուրը: Դրանից ավելի զազրելի բան դժվար է պատկերացնել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին