Կարևոր իրադարձություններ

Արցախցի պատգամավորներն ինչու են մտահոգվել. «Հրապարակ»

22 Սեպտեմբեր, 2022 09:26
Արցախցի պատգամավորներն ինչու են մտահոգվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները երեկ հանդիպել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, որի ժամանակ «անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված՝ հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին», եւ «հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, եւ ընթացիկ շինաշխատանքների ավարտին զուգընթաց, կվերանան առկա խնդիրները»։

Խոսքն ի՞նչ խնդիրների մասին է: Պարզվում է՝ արցախցիներին մտահոգել է այն, որ նոր ճանապարհին պարբերաբար հայտնվում են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ: Հրամանատարը տեղեկացրել է, որ իրենց խնդրանքով են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող անցակետերից բեռներ տեղափոխում, ու շուտով խնդիրը կվերանա։

Պատգամավորները հետաքրքրվել են նաեւ ՀԱՊԿ օպերատիվ խմբի աշխատանքներով, որոնք սեպտեմբերի 13-ից հետո գործուղվել էին Հայաստան` մոնիտորինգ անելու, թե ով է նախահարձակ եղել։ Վոլկովն ասել է՝ տեղյակ չէ խմբի աշխատանքներից։

ՀԱՊԿ օպերատիվ խումբը, հիշեցնենք, հաղորդել է․  «Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ում կայացել է ՀԱՊԿ առաքելության առաջնային խմբի աշխատանքների արդյունքներով հանդիպում։ Խմբի ղեկավար Ա․ Սիդորովը տեղեկացրել է Սուրեն Պապիկյանին սահմանի իրավիճակի վերլուծության արդյունքների, եզրակացությունների ու առաջարկների վերաբերյալ։ Կայացել է մտքերի անկեղծ եւ կառուցողական փոխանակում։ Հետո խումբը մեկնել է Մոսկվա»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին