Կարևոր իրադարձություններ

Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը. Արցախի ՄԻՊ

21 Սեպտեմբեր, 2022 15:43
Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել իր գործընկերոջը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին:

Ստեփանյանն ուղերձում ջերմորեն շնորհավորել է ՀՀ ՄԻՊ-ին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր անդամներին և համայն հայությանը մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Հայաստանի անկախությունն ու պետականությունը մեր հազարամյա ժողովրդի երազանքի մարմնավորումն է, արժեք, որ ձեռք է բերվել հարյուրավոր սերունդների մաքառմամբ և սրբագործվել հազարավոր նահատակների զոհողությամբ»,-նշել է Ստեփանյանը:

Նա ընդգծել է՝ անկախ Հայաստանի գոյությունն իր հայրենիքում իր իրավունքներն ու ազատությունները լիակատար ու անխոչընդոտ իրացնելու հայ մարդու և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առանձնաշնորհյալ հնարավորությունն է ու երաշխիքը։

«Աներկբա է, որ այդ երաշխիքն ամրացնելու գործում նշանակալի են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակավոր դերն ու արհեստավարժ գործունեությունը։

Պետականության առաջ ծառացած մարտահրավերներն այսօր էլ շատ են, որոնց հաղթահարումը պահանջում է ներուժի կենտրոնացում և համատեղում, անխոնջ աշխատանք ու անհուն նվիրում»,-ասել է Արցախի ՄԻՊ-ը:

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ Ստեփանյանն իր գոհունակությունն և երախտագիտություն է հայտնել բոլոր պաշտպանների օրոք երկու ՄԻՊ հաստատությունների միջև ձևավորված և այսօր էլ շարունակվող սերտ ու անխզելի համագործակցության համար։

«Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը»,-եզրափակել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին