Կարևոր իրադարձություններ

ՀՀ և Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին (տեսանյութ)

20 Սեպտեմբեր, 2022 23:04
ՀՀ և Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին (տեսանյութ)

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Նյու Յուրքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը` վկայակոչելով Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի խախտման դեպքերն ու ընդգծելով Ադրբեջանի կողմից վարվող ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի և հարկադրանքի քաղաքականության անընդունելիությունը։ Ընդգծվել է նաև միջազգային հանրության թիրախավորված արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումներին հակազդելու համար։

Արարատ Միրզոյանը և Նիկոլա Սելակովիչը գոհունակություն են հայտնել երկու երկրների քաղաքական երկխոսության դրական դինամիկա կապակցությամբ և կարևորել համատեղ ջանքերի գործադրումը երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում համագործակցությանն առնչվող թեմաներին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին