Կարևոր իրադարձություններ

Մեր տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ազդեցության տարածման տեսանկյունից. «Փաստ»

20 Սեպտեմբեր, 2022 09:00
Մեր տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ազդեցության տարածման տեսանկյունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հարավային Կովկասում բախվում են տարբեր տարածաշրջանային ու արտատարածաշրջանային խաղացողների շահեր, քանի որ մեր տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ազդեցության տարածման տեսանկյունից և գտնվում է տարբեր հաղորդակցության ուղիների խաչմերուկում։ Միայն Հայաստանի գործոնով է պայմանավորված, որ Հարավային Կովկասը դեռևս ամբողջովին չի հայտնվել թուրքական ազդեցության տակ՝ չնայած, որ Թուրքիան աստիճանաբար ներթափանցում է Ադրբեջան, ապա նաև Միջին Ասիա։ Եվ արդեն փորձեր են կատարվում թուրքալեզու պետություններում տարբեր ոլորտներում՝ կրթականից սկսած, ռազմականով վերջացրած, ներդնել թուրքական մոդելը։

Սակայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջապատված լինելով՝ Հայաստանն ի վիճակի չէ միայնակ դիմագրավել այդ վտանգին։ Ուստի այս տեսանկունից կարևորվում են տարածաշրջանում շահեր ունեցող այլ արտաքին ուժերի հետ մեր հարաբերությունները։ Եվ պատահական չէ, որ երբ օրեր առաջ Ադրբեջանը նոր ագրեսիայի դիմեց, և ադրբեջանական զինված ուժերը խորացան ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ իշխանություններն օգնություն ստանալու հարցով դիմեցին մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։

Ընդհանրապես, Հայաստանի համար շատ է կարևորվել ՀԱՊԿ-ի նշանակությունը՝ որպես անվտանգային հովանոցի, սակայն երբ այդ կառույցից հասցեական արձագանք չկա ՀՀ-ի նկատմամբ անվտանգության սպառնալիքի հետ կապված, ապա այն հանրային բուռն քննարկումների առիթ է տվել։ Թերևս բնական է, որ արտաքին սպառնալիքի սրման պարագայում հասարակությունը առավել էմոցիոնալ է ընկալում տեղի ունեցող իրադարձությունները, բայց, միևնույն ժամանակ, անհանգստացնող հանգամանք է, որ գործընթացներն առավել մակերեսայնորեն են դիտարկվում, միայն արտաքին՝ տեսանելի շերտերի վրա։

Օրինակ՝ Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում արված նկարի շուրջ «տիեզերական» աղմուկ սկսվեց, բուռն քննարկումներ, «վերլուծություններ», ինչպես նաև հետևություններ արվեցին։ Հանրային մի հատված էլ մեկ այլ ծայրահեղության մեջ է ընկնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետ կապված, այն աստիճան, կարծես թե դրա արդյունքում Հայաստանի համար փրկության ուղի է բացվելու»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին