Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    415

  • EUR

    385
    405

  • RUB

    6,32
    7,17

Կարևոր իրադարձություններ

Ալիսան ուրախ էր բանակում զգալի դրական բարեփոխումներով. պատգամավորը՝ զոհված զարմուհու մասին

19 Սեպտեմբեր, 2022 15:11
Ալիսան ուրախ էր բանակում զգալի դրական բարեփոխումներով. պատգամավորը՝ զոհված զարմուհու մասին

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42-ամյա Ալիսա Մելքոնյանն Ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն է։ Նա պայմանագրային զինծառայող էր:

Ալիսան երեխաներ չունի, ամուսնացած չէր:

Զոհված կին զինվորականը ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հորաքրոջ աղջիկն է:

Պատգամավորը «Հայկական ժամանակի» հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել նրա մասին:

Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016 թվականին՝ եղբոր՝ Գագիկ Մելքոնյանի զոհվելուց հետո։

Հիշեցնենք՝ Գագիկ Մելքոնյանը զոհվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։ Գագիկը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց:

Ալիսան ու Գագիկը ունեն եւս մեկ եղբայր, որը հաշմանդամություն ունի:

Պատգամավորի խոսքով՝ զարմուհին անվախ էր շատ, 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջ ընթացքում մարական դիրքերում է եղել:

«Չնայած հետո, երբ արդեն վերադարձել էր, չէր կարողանում քայլել 3 ամիս, բայց վերականգնվել ու նորից վերադարձել էր դիրքեր: Մի բան կասեմ՝ անձնվիրաբար հայրենիքի համար կռվել է»,- նկատում է Ղազարյանը:

Ասում է, որ Ալիսային վերջին անգամ հանդիպել էր օգոստոսի 21-ին, խոսել էին.

«Շատ հպարտ էր, ուրախ, որ բանակում զգալի դրական բարեփոխումներ են: Հումորով ասացի՝ Ալիսա, շատ ես չաղացել, քանի որ ինքը միշտ շատ նիհար էր, ասաց՝ բանակում ընտիր են մեզ նայում»:

Ալխաս Ղազարյանը սահմանային իրադրության լարման լուրը լսելու օրը՝ ժամեր անց՝ 00:35-ին է գրել զարմուհուն, որ իմանա որպիսությունը, բայց այդպես էլ չի կարողացել հետը կապ հաստատել.

«Որպեսզի հանկարծ որեւէ վնաս չտամ, ուղղակի գրեցի՝ Ալիսա, տեսա՝ չկա պատասխան, 00:59-ին զանգեցի, չնայած էլի վախեցա, որ կվնասեմ, անհասանելի էր: Գիշերը 03:26 հեռախոսիս նամակ եկավ, որ բաժանորդը արդեն հասանելի է:

Հետո իմացա, որ տուն էր զանգել, ասել, որ կռվի մեջ է, բայց լավ է, այլ բան չի ասել:

Դրանից հետո հեռախոսին զանգել է եղբայրը, պատասխան չէր եղել»:

 

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին