Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանն այցելել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքներ

16 Սեպտեմբեր, 2022 18:47
Գնել Սանոսյանն այցելել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ և այսօր այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարը տեղում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին։

Նախարարը հանդիպել է մարզպետներին, համայնքապետերին և տեղում քննարկվել է ստեղծված վիճակը, անելիքները, և այլ կազմակերպչական հարցեր։

Քննարկվել է հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու վերաբերյալ հարցեր։

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հրետակոծության արդյունքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերիի տարբեր համայնքներում նախնական տվյալներով վնասվել է 192 բնակելի տուն, որից մոտ 60-ը վնասվել են գրեթե ամբողջությամբ, 3 բնակավայրում (Սոթք, Կութ և ք․ Ջերմուկ) վնասվել են վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, վնասվել են օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։ Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։ Վնասվել են նաև Ջերմուկ համայնքի 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի։

Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցրել։

Առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին