Կարևոր իրադարձություններ

Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել. Ա. Միրզոյան

16 Սեպտեմբեր, 2022 11:10
Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել. Ա. Միրզոյան

Կառավարության հերթական նիստի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի է ունեցած հատուկ քննարկման որոշ մանրամասներ:

«Երկու օր առաջ տեղի է ունեցել ևս մեկ քննարկում փակ ռեժիմում, ապա երկրորդ քննարկումը, հայկական կողմի պնդմամբ, արդեն բաց ռեժիմում, որպեսզի ամբողջ աշխարհի մարդկությունը կարողանա հետևել մշտական և ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումներին:

Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա ոչ մի կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցածի կարևորությունը, որովհետև նույնիսկ առանց փաստաթղթի ըստ էության միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը` նշելով.

«Երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է ագրեսիա տերմինը: Այսինքն շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր:

Ավելին ասեմ, բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաեւ ԼՂ հակամարտության հիմնախնդրի մասին: Ըստ էության, չափազանցրած չեմ լինի, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել, որ ԼՂ հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից: Սա միջազգային հանրության դիրքավորումն է, և մենք պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին