Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    411
    421

  • EUR

    398,5
    418,5

  • RUB

    6,57
    7,42

Կարևոր իրադարձություններ

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

15 Սեպտեմբեր, 2022 14:31
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից:
 
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
 
Պարոն Ալեքսանդր Բելսկին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
 
Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրին նվիրել է ՀՑԹԻ հրատարակություններից: Իր հերթին, պարոն Ալեքսանդր Բելսկին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, թանգարանին նվիրել է Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրերի պատկերներով հուշանվեր:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին