Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    411
    421

  • EUR

    398,5
    418,5

  • RUB

    6,57
    7,42

Կարևոր իրադարձություններ

Միջազգային արձագանքն Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում մեծամասամբ բավականին հասցեական էր. Արարատ Միրզոյան

14 Սեպտեմբեր, 2022 20:48
Միջազգային արձագանքն Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում մեծամասամբ բավականին հասցեական էր. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ․

Վիգեն Խաչատրյան. Հանրային կարծիք է ձևավորվել, ըստ իս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հասցեական դատապարտել են Միացյալ Նահագները, Ֆրանսիան, եվրոպական և այլ երկրներ, և միաժամանակ անհասկանալի է շատերի համար ՀԱՊԿ-ի վերաբերմունքը Հայաստանի խնդրանքին: Դեռ ավելին, ռուսական 3-րդ ալիքըտարածում է հետևյալ վերնագրով լուր՝ “Силы ОДКБ отказались поддержать Армению в конфликте”, և դեռ ավելին` խոսք են տալիս մի փորձագետի, որը պնդում է, թե իբր Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի ուժերը մտցնել այն տարածք, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, նկատի ունեն՝ Լեռնային Ղարաբաղ: Այսինքն, ակնհայտ ապատեղեկտավություն է տարածվում: Ես կխնդրեի պարզաբանել, թե ինչ խնդրանքով ենք մենք դիմել ՀԱՊԿ-ին և ինչ պատասխան ենք ստացել: Իսկ այն, որ որոշումը հայտնի է, որ պետք է Հայաստան պատվիրակություն ժամանի, կխնդրեի կոնկրետացնել՝ երբ են ժամանելու և ինչ ծրագրով: Շնորհակալություն:

Արարատ Միրզոյան. Բարև ձեզ, հարգելի խորհրդարան։ Ես և՛ ուղղակիորեն և՛, եթե թույլ կտաք, ոչ այնքան ուղղակիորեն պատասխանեմ Ձեր հարցին՝ բնականաբար արծարծելով այն թեմաները, որոնք վերաբերում են և բխում են հարցից։ 

Միջազգային արձագանքի մասին․ ես կարծում եմ և մեծ հույս ունեմ, որ Դուք կկիսեք այդ կարծիքը, որ միջազգային արձագանքն Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում մեծամասամբ բավականին հասցեական էր։ Անշուշտ մի շարք երկրների և կազմակերպությունների դեպքում ոչ այնքան հասցեական և ուղիղ արձանագրող, որքան որ մենք կցանկանայինք, և կհամապատասխաներ իրականությանը, բայց աշխատանքները տարվել են և հիմա էլ շարունակվում են։ 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա գիտեք, որ լինելու է դիտորդական առաքելություն։ Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը, մնացյալը՝ քննարկելի է և դեռ քննարկվում է։ Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է Հավաքական անվտանգության խորհրդում։ Կրկնում եմ. որոշվել է ուղարկել դիտորդական առաքելություն, և մենք հուսով ենք, որ առաքելությունը վաղն արդեն կժամանի։ 

Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ մեդիա և փորձագիտական շրջանակների կարծիքին, և դա փոխկապակցված է նաև նախորդ հարցի հետ, կարծում եմ, որ մեր օրերում, երևի թե մոլորակի բոլոր երկրների մեդիա տարածքում բավականին մեծ խառնաշփոթ կա. դա վերաբերում է և՛ հայկական մեդիա տարածքին, և՛ ռուսական, և՛ ցանկացած այլ, և այստեղ զանազան փորձագետների, կամ պսևդոփորձագետների, կամ միտումնավոր ապատեղեկատվություն տարածողների պակաս անշուշտ չկա։ Բացառություն չէ նաև տվյալ դեպքը, որ Դուք մեջբերեցիք, և ես այդտեղ միտում չէի տեսնի։ 

Վիգեն Խաչատրյան. Շնորհակալություն, ես ուզում եմ շեշտել, որ ի տարբերություն 44-օրյա պատերազմի օրերի, մենք նկատում ենք, որ հիմա Հայաստանը մենակ չի, և իրականում մենք տեսնում ենք լայն աջակցություն, որի համար ես իմ երախտագիտությունն եմ հայտնում մասնավորապես նաև Ձեզ` որպես արտաքին գործերի նախարարի, և ինձ թույլ կտամ ասել, որ հաշվի առնելով ռուսական քաղաքականության առանձնահատկությունը, երբ նրանք ասում են, որ մերժել են, ես սկսում եմ մտածել, որ մի լավ բան արել են: Շնորհակալություն:

Արարատ Միրզոյան. Շնորհակալություն, հարգելի՛ պարոն Խաչատրյան։ Ողջ հարգանքով հանդերձ, այնուամենայնիվ, կհամաձայնեք, որ պարտավորություն չունեմ ծայրից ծայր համաձայնություն հայտնելու հնչեցրած մտքին և ես կօգտվեմ իմ այդ հնարավորությունից։ 

Ուզում եմ կրկին փաստել, այսպիսի իրավիճակում Հայաստանի դիմումով Հավաքական անվտանգության խորհրդի նիստ և, հետևաբար, նաև առաքելության ուղարկում Հայաստան դեռ չէր եղել, և հիմա այդ որոշումը կայացված է։ 

Հովիկ Աղազարյան. Հարգարժան պարո՛ն նախարար, եթե հարցս պարզունակ թվա ներողամիտ կլինեք: Այդուհանդերձ, հավանական կնքվելիք խաղաղության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև արդյո՞ք չպետք է հաջորդի սահմանների ճշտգրտման և սահմանազատման գործընթացին: 

Արարատ Միրզոյան․ Հարգելի պարոն Աղազարյան, իրականում հարցը բոլորովին պարզունակ չէ: Պրակտիկայում, եթե միջազգային փորձն ուսումնասիրենք, երկու մոտեցումն էլ, ըստ էության, կիրառվել է, կիրառվում է. կարող է լինել խաղաղության կամ հարաբերությունների հաստատման, փոխադարձ ճանաչման պայմանագիր, որից բխեն այլ գործընթացներ, այդ թվում՝ և սահմանների սահմանազատման և սահմանագծման, կարող է լինել և հակառակը, փաթեթային, այսպես ասած, մոտեցմամբ. մի պայմանագրում բոլոր հարցերն ամենայն մանրամասնությամբ կարգավորեն, կարող են լինել նաև առանձին գործընթացներ. սահմանները սահմանազատվեն, կոմունիկացիաները տվյալ դեպքում ապաշրջափակվեն և հետո լինի վերջնական պայմանագիրը: Իրականում, իմ կարծիքով, կարելի է ճանաչման պայմանագիր կնքել, ամենաէական խնդիրներն այդտեղ հասցեագրել, և զուգահեռ գնան այնպիսի գործընթացներ, ինչպիսին է, օրինակ, սահմանազատման գործընթացը:

Հովիկ Աղազարյան. Հաշվի առնելով նաև վերջին իրողությունները, բայց բոլոր դեպքերում, ավելի նպատակահարմար չէ՞ր լինի մեր դեպքում սկզբից այդ հարցը լուծեինք, սահմանների ճշգրտման, սահմանազատման և նոր:

Արարատ Միրզոյան. Գիտեք, որ տեսական քննարկումները կարող ենք, իհարկե, շարունակել, բայց սահմանազատման գործընթացին արդեն իսկ մեկնարկ տրված է, երկու երկրներում համապատասխան ազգային հանձնաժողովները ստեղծված են: Նրանք արդեն երկու հանդիպում ունեցել են, առաջին նախնական հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին, երկրորդ հանդիպումը՝ Մոսկվայում, նախատեսված է երրորդ հանդիպումը՝ Բրյուսելում, այսինքն հանձնաժողովի աշխատանքներն, ըստ էության, մեկնարկել են  այսպես թե այնպես, և զուգահեռաբար մեկ-երկու հանդիպում առնվազն տեղի է ունեցել, որտեղ քննարկվել են խաղաղության պայմանագրի որոշ պարամետրեր: Ես չեմ կարող ասել, թե այստեղ մեծ առաջընթաց է տեղի ունեցել, բայց այս թեման ևս, այսպես թե այնպես, քննարկվել է:

Գիտեք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ևս մեր վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արտաքին գործերի նախարարություններն այս ամսվա ընթացքում, այս ամսվա վերջին ևս մեկ հանդիպում կունենան՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը, և այս կոնտեքստում առիթից ուղղակի ուզում եմ օգտվել և նաև այլ հարցի մասին խոսել: 

Այս կոնտեքստում և այս ֆոնին առավել ևս ցայտուն է Ադրբեջանի, մեղմ ասած, ապակառուցողական դիրքորոշումը խափանել նաև խաղաղության գործընթացը. ես նկատի ունեմ այն ագրեսիան, որը մենք այս օրերին տեսնում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ-ի սուվերեն տարածքի նկատմամբ: 

Ես ուզում եմ կրկնել, որ՝ այն պայմաններում, երբ մենք՝ Հայաստանը, ասում է, որ պաշտպանում է տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգը և պատրաստ է այդ բանակցություններին և մի քանի ուղղությունով արդեն իսկ շատ կառուցողական դիրքավորմամբ մասնակցում է բանակցություններին, այդ ֆոնին Ադրբեջանը ոչ միայն ապակառուցողական, առավելապաշտական վարքագիծ է դրսևորում բանակցությունների ընթացքում, այլև ահա այսպիսի ագրեսիա է ձեռնարկում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին