Կարևոր իրադարձություններ

2025-ից կառուցապատումն ավելի դանդաղ տեմպեր կունենա, պահանջարկն ավելի քիչ կլինի. «Փաստ»

13 Սեպտեմբեր, 2022 08:54
2025-ից կառուցապատումն ավելի դանդաղ տեմպեր կունենա, պահանջարկն ավելի քիչ կլինի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա երկրորդ եռամսյակում անշարժ գույքի շուկայում ընդհանուր գործարքների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24,8 տոկոսով, որը վերջին 12 տարվա համեմատությամբ գործարքների ամենամեծ ցուցանիշն է: «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արսեն Ավետիսյանի հետ զրույցում վերլուծել ենք շուկան, առկա պահանջարկը, բնակարանների գները, խոսել դոլարի արժեզրկման ազդեցության ու մի շարք այլ գործոնների մասին: Արսեն Ավետիսյանի խոսքով, վերջին տարիներին շուկան ակտիվացման միտում ունի, անգամ՝ պատերազմից շատ կարճ ժամանակ հետո:

«Ակտիվացման այս միտումը պայմանավորված է մի քանի գործոններով: Հաշվի առնելով 2022 թ. 2-րդ կիսամյակի տվյալները բոլոր տեսակի գործարքների մասով, բնականաբար, պետք է աճ գրանցվեր՝ պայմանավորված հայտնի պատճառներով՝ հսկայական չնախատեսված մարդկային հոսք ունենք Ռուսաստանից, Ուկրաինայից: Վերցնենք միայն բնակարանների առուվաճառքը և շուկան բաժանենք երկու մասի՝ առաջնային ու երկրորդային:
 
Առաջնայինի դեպքում, որը կառուցապատողներից բնակարանների ձեռքբերումն է, շուկան հաստատուն առաջ է գնում և, իմ դիտարկումներով, դեռ շարունակելու է աճել, քանի որ, ինչպես հայտնի է, եկամտային հարկի վերադարձի հետ կապված օրենքի փոփոխություն է լինելու, ու 2025-ի հունվարից Երևանում այն արդեն չի գործելու: Եվ նույնիսկ այն մարդիկ, որոնց համար բնակարանի հարցն առաջնային չէ, նման խնդիր չունեն, փորձելու են անշարժ գույքի շուկայում ինչ-որ գնում անել, որպեսզի հետագայում, որպես ծրագրի շահառու, կարողանան օգտվել եկամտային հարկի վերադարձի այդ արտոնությունից: Արդյունքում նշված գործարքների թվերը կրկին աճելու են:
 
Հաշվի առնենք, որ նաև կառուցապատման նոր նախագծեր, նոր բնակարաններ են դուրս գալիս շուկա, և այս համատեքստում ևս այդ առաջարկն ու պահանջարկը համամասնորեն աճում են ու մինչև 2025 թվականը դեռ կաճեն: Իմ դիտարկումներով, եկող տարվա կեսից արդեն ավելի մեծ տեմպերով կաճեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Արսեն Ավետիսյանը:

Հարցին՝ ի՞նչ է կանխատեսվում 2025-ից հետո, արդյո՞ք հակառակ էֆեկտով չի պասիվանա շուկան, մեր զրուցակիցն արձագանքեց. «Եթե խոսքը վերաբերում է առաջնային շուկային, բնականաբար, ակտիվությունն անգամներով կնվազի: Ի դեպ. «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» երեք ծրագիր է ներկայացրել կառավարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, որոնք ինչ-որ ձևով կմեղմացնեն եկամտային հարկի արտոնության ծրագրի բացակայությունը: Իսկ թե այսօրվա համեմատ շուկան ինչպիսին կլինի 2025-ին և դրանից հետո, վստահեցնում եմ, որ կառուցապատումն ավելի դանդաղ տեմպեր կունենա, պահանջարկը ավելիք քիչ կլինի, որովհետև 2023-ի երկրորդ կեսից ու 2024-ին բոլորը շատ ավելի արագ են փորձելու լուծել իրենց ապագայի խնդիրը՝ նույնիսկ եթե այդ պահին բնակարանի ձեռքբերման խնդիր չունեն: Դա փորձելու են անել ավելի արագ, որպեսզի օգտվեն վերոնշյալ արտոնությունից:

Ընդհանուր առմամբ, նշված ծրագիրը հիմա օգնում ու խթանում է, որպեսզի անշարժ գույքի շուկան աշխատի, և նույն տրամաբանությամբ, հակառակ էֆեկտով զսպելու է, որ 2025-ից հետո այն աշխատի»: Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ անշարժ գույքի շուկան արագ կայունացման բնույթ ունի մեր երկրում ու արագ է ընտելանում նոր խաղի կանոններին: Անդրադառնալով երկրորդային շուկային, այսինքն՝ արդեն իսկ առկա հին բնակֆոնդին, դրանց գործարքների ու գների աճին, նա նշեց, որ այդ միտումը ևս ինչ-որ չափով կապված է ՌԴ-ից, Ուկրաինայից դեպի ՀՀ մարդկանց չնախատեսված հոսքով:«Նաև այլ գործոն կա: Առհասարակ առաջնային, նաև ընդհանրապես անշարժ գույքի շուկայում հիմա մոդայիկ է ինչ-որ գործ անելը: Ու գրեթե բոլորը, եթե ոչ առաջնային, ապա երկրորդային շուկայում փորձում են, օրինակ՝ բնակարան փոխել»,-ասաց մեր զրուցակիցը:

Բնակարանների գների առումով Արսեն Ավետիսյանը մի քանի այլ գործոն էլ առանձնացրեց. «Առաջին հերթին գները կապված են արտարժույթի փոխարժեքների՝ մասնավորապես դոլարի տատանումների հետ: Բոլորս մեր երկրում բնակարանների արժեքը հաշվում ենք դոլարով, որը մեզ մոտ գրեթե 18 տոկոսով արժեզրկվել է: Եթե նայենք դրամով, ապա շատ դեպքերում բնակարանների արժեքը նույնն է մնացել: Եթե դիտարկենք մեր կողմից վաճառվող նախագծերը, ապա բնակարանի նախնական գնահաշվարկը կատարվել է այն ժամանակ, երբ դոլարի փոխարժեքը 485 դրամ էր:

Ըստ այդմ, գները, դրամով արտահայտված, հիմա նույնն են մնացել, իսկ դոլարով արտահայտված, բնականաբար աճել են, որովհետև դոլարն է արժեզրկվել: Այս ֆոնին ինֆորմացիայի ճիշտ չընկալելը կարող է ստեղծել տպավորություն, որ մեզ մոտ գները բարձրանում են: Ճիշտ է, նաև թանկացումներ կան, բնակարանների թանկացումներ են նկատվում, բայց դա կախված է մյուս գործոններից. ընդհանուր առմամբ, ինչ-որ կետերում թանկացել է շինանյութը, նաև աշխատուժը, ինչի հետևանքով նաև թանկացել է շինարարությունը: Այս ամենի արդյունքում, բնականաբար, պետք է բարձրանան նաև բնակարանների գները: Նշվածը վերաբերում է առաջնային շուկային»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին