Կարևոր իրադարձություններ

Շահութահարկ վճարողները կկարողանան ձեռք բերված խոտան ապրանքը նվազեցնել համախառն եկամտից. նախագիծ

12 Սեպտեմբեր, 2022 11:47
Շահութահարկ վճարողները կկարողանան ձեռք բերված խոտան ապրանքը նվազեցնել համախառն եկամտից. նախագիծ

Ազգային ժողովի այսօրվա նիստում Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շահութահարկ վճարողներին հնարավորություն ընձեռել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը նվազեցնել համախառն եկամտից:

Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում:

Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով գործարարների առաջարկը: Այն լավ ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա:

«Օրենքի լուծման բացակայության պատճառով տնտեսվարողների մոտ կուտակվել է որոշակի քանակի խոտանված արտադրանք: Առաջարկում ենք այդ պաշարից համախառն եկամտի 2 տոկոսի չափով հարկում անել շահութահարկի բազայից»,- նշել է փոխնախարարը:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է, թե ինչպես է իրականացվելու վարչարարությունը, որպեսզի գործարարների կողմից չարաշահումներ չլինեն: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պարզաբանել է, որ ոչ միայն որակական կորուստները, այլեւ կորուստների մնացյալ՝ այլ տեսակները, նույնպես թույլատրվում է հարկման բազայից նվազեցնել միայն Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորվելու պարագայում:

Կա Կառավարության համապատասխան որոշում, որը սահմանում է այն ընթացակարգը եւ փաստաթղթավորման շրջանակը, որն անհրաժեշտ է կորուստները հարկման նպատակով ընդունելու համար: Նախագծի ընդունման պարագայում Կառավարությունը համապատասխան լրացումներ կընդունի՝ կարգավորելու այս նոր ծագող հարաբերությունը եւ փաստաթղթավորման պահանջները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ նախագծի ընդունմամբ գործարար միջավայրը կբարելավվի: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին