Կարևոր իրադարձություններ

ԱԶԲ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ում հանրային կառավարման բարեփոխումներին

07 Սեպտեմբեր, 2022 19:13
ԱԶԲ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ում հանրային կառավարման բարեփոխումներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդական, իրավական և քաղաքականության մշակման խմբի ղեկավար Քրիստինա Պակին և Գիտելիքի կառավարման և կլիմայական փոփոխությունների բաժնի ղեկավար Սուսանն Ռոթին. Հանդիպման առանցքում է եղել հանրային կառավարման բարեփոխումների թեման: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարար Անդրեասյանը նշել է, որ այժմ Հանրային կառավարման բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից է, որի իրագործումը, ինչպես մի շարք համապետական նշանակության այլ կարևորագույն բարեփոխումների իրագործումը, ստանձնել է Արդարադատության նախարարությունը:

Սուսանն Ռոթը կիսվել է հանրային կառավարման ոլորտում իր ունեցած փորձով, պատրաստակամություն հայտնել ներդրումային ծրագրերից զատ, աջակցություն ցուցաբերել նաև մասնագիտական և փորձագիտական աշխատանքներում ևս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ ոլորտում գործուն համագործակցության վերաբերյալ՝ ընդհուպ ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր:

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ձևավորման ընթացքը, որը նախատեսվում է ավարտին հասցնել գալիք տարեսկզբին: Նախարարը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները, դատաիրավական ոլորտում կատարված բարեփոխումները, ինչպես նաև խոսել է նոր ձևավորվող Ներքին գործերի նախարարության և կառուցվելիք նոր քրեակատարողական հիմնարկի մասին:

Ասիական զարգացման բանկի գործընկերների այցի նպատակն է եղել ծանոթանալ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և թիրախավորել նոր ոլորտներ, որոնք կարող են նոր համագործակցության սկիզբ լինել Արդարադատության նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև:

 

Լրահոս

Դիտել ավելին