Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    388,5
    408,5

  • RUB

    6,34
    7,19

Կարևոր իրադարձություններ

Ունենք շատ լավ հնարավորություններ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը լինի էլ ավելի բարձր մակարդակի. Փաշինյան (լուսանկարներ)

07 Սեպտեմբեր, 2022 16:40
Ունենք շատ լավ հնարավորություններ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը լինի էլ ավելի բարձր մակարդակի. Փաշինյան (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մյանմայի, Մոնղոլիայի վարչապետները, Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը: Հեռավար կերպով ֆորումին ելույթով են հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Մալայզիայի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները:

Իր ելույթով Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Հարգելի բարեկամներ,

Թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրիին Հարավարևելյան տնտեսական 7-րդ ֆորումին հրավիրելու համար, որը մտքեր և գաղափարներ փոխանակելու հարթակ է հարցերի լայն շրջանակի շուրջ:

Պետք է նշել, որ ընթացիկ տարում ամենատարածված նախադասությունը, հավանաբար, այն է, որ «մենք ապրում ենք ոչ սովորական ժամանակներ»: Բայց եթե նայենք խորը` հարց է առաջանում, իսկ ե՞րբ են այդ ժամանակները եղել սովորական: Եթե արդար լինենք, ապա մարդկության պատմությունն ընդհանրապես շղթա է և ոչ սովորական ժամանակների հերթականություն: Դրա համար մարդկությունը ստեղծել է այլ բանաձև, որ յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակներ բերում են նոր մարտահրավերներ և բացում նոր հնարավորություններ: Այժմ կառավարությունների և պետությունների գլխավոր խնդիրն է հասկանալ` ինչպես կառավարել մարտահրավերները և ինչպես նկատել ու օգտագործել հնարավորությունները:

Այս համատեքստում, իհարկե ոչ սովորական ժամանակներ են մեր տարածաշրջանի համար նույնպես, որովհետև այստեղ կան մարտահրավերներ, որոնք գոյություն ունեն արդեն երկար ժամանակ և դրանք առաջին հերթին կապված են անվտանգության հետ: Սա ի՞նչպես է կապված ընթացիկ իրավիճակի հետ. երբ ողջ միջազգային հանրության ուշադրությունը և հատկապես անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ իրավիճակի վրա` կան կոնկրետ մտահոգություններ, որ դա կարող է մեր տարածաշրջանում բերել իրավիճակի ապակայունացման:

Եվ, ի դեպ, մեզ մոտ ոչ այդքան կայուն իրավիճակ է եղել վերջին տարիներին: Տեղյակ եք, որ 2020 թվականին մենք պատերազմ վերապրեցինք և երբ Ադրբեջանը սկսեց այդ պատերազմը` միջազգային հանրության ողջ ուշադրությունը, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության, կենտրոնացած էր կորոնավիրուսի պանդեմիայի վրա: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանային իրավիճակը պահել վերահսկողության ներքո:

Սա շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար: Ցանկանում եմ նշել, որ մենք ունենք նաև լավ նորություններ, քանի որ այժմ Հայաստանի տնտեսության մեջ առկա է շատ լավ դինամիկա: Այս տարի մենք նպատակադրվել ենք նվազագույնը ունենալ 7 տոկոս տնտեսական աճ: Եվ այդ համատեքստում, ցանկանում եմ ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությունը մեր երկրի համար արդարացրել է իրեն այս կոնկրետ իրավիճակում ևս, քանի որ այն տնտեսական աճը, որն այժմ նկատվում է Հայաստանում, կապված է այն ազատությունների հետ, որոնք ապահովում է Եվրասիական տնտեսական միությունը: Նկատի ունեմ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ու մենք սա ուղիղ տեսնում ենք: Իհարկե, այստեղ պետք է աշխատել հաջորդ փուլի վրա, որպեսզի պահպանենք այդ դինամիկան, որ նման տնտեսական աճից հետո տնտեսական նոր ճգնաժամ չառաջանա:

Քանի որ այստեղ արդեն քննարկվեց տարածաշրջաններին վերաբերող հարցը` պետք է պարզաբանել, թե ինչ կապ ունի Հայաստանը Հարավարևելյան ֆորումի և Հեռավոր Արևելքի հետ: Հայտնի է, որ ընթացիկ իրավիճակում լոգիստիկ սխեմաները փոխվում են, և եթե նայենք քարտեզին` կարող ենք տեսնել և նկատել, որ հնարավորություններ են բացվում նաև Հայաստանի համար: Ի հեճուկս ամենի՝ ապրանքների տեղափոխումը արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք չեն դադարի, և հյուսիսից հարավ ու հարավից հյուսիս նույնպես: Եթե նայենք քարտեզին, ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է այդ ճանապարհների և ուղիների խաչմերուկում: Մենք կարծում ենք, որ իրապես կան հնարավորություններ, որոնք պետք է փորձել օգտագործել: Այժմ Հայաստանում իրականացնում ենք Հյուսիս-հարավ նախագիծը` դա նոր ավտոմոբոլիային ճանապարհի կառուցումն է, որը Իրանի հետ մեր հարավային սահմանը կապում է Վրաստանի հետ հյուսիսային սահմանին:

Այստեղ նաև ի հայտ է գալիս նոր հնարավորություն: Գիտեք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, շնորհիվ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անձնական ջանքերի, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարություն: Եվ այդ հայտարարության 9-րդ կետում խոսվում է տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Դրանից հետո` 2021 թվականի հունվարի 11-ին, այս անգամ Մոսկվայում, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել ենք եռակողմ հայտարարություն` ստեղծելու աշխատանքային խումբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ, որը զբաղվում է մեր տարածաշրջանում` Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների բացման ուղղությամբ: Այս նախագծի գաղափարն այն է, որ Հայաստանը տրանսպորտային ուղիներ կստանա Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը տրանսպորտային ուղիներ կստանա Հայաստանի տարածքով: Գլոբալ առումով, դա նոր միջազգային առևտրային ուղիների բացման հնարավորություն է:

Պետք է ասեմ, որ մենք շահագրգիռ ենք դրանում և հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ մոտ ապագայում լուծել այդ հարցը: Այստեղ, իհարկե, ամեն ինչ որոշված չէ: Կա ոչ վատ առաջընթաց եռակողմ հանձնաժողովի աշխատանքում, բայց ամեն ինչ որոշված չէ, քանի որ պետք է լուծել իրավական բնույթի հարցեր, թե ինչպիսի իրավական կարգավորումներով պետք է գործեն այդ ճանապարհները: Ընդհանուր դիրքորոշումը հստակ է, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար սուվերենությամբ, որոնցով դրանք անցնում են: Եվ մենք հույս ունենք, որ այդ սկզբունքով կկարողանանք իրականացնել այդ նախագիծը, որը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ»: Հույս ունենք, որ Հայաստանի տարածքով կանցնեն հարավը հյուսիսին, արևմուտքը արևելքին կապող ճանապարհները: Կարծում եմ` այդ նախագիծը շատ կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների` Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի համար, այլ նաև Ռուսաստանի Դաշնության, հեռավոր աևելյան երկրների, ընդհանրապես արևելյան երկրների, աֆրիկյան տարածաշրջանի համար, Մերձավոր Արևելքի համար նույնպես: Սա իրապես գլոբալ նախագիծ է, որը հույս ունենք իրականացնել:

Գիտեք, որ սկսել ենք խոսակցություն Թուրքիայի հետ: Հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ինտենսիվ խոսակցություն է գնում Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում նույնպես ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից: ՌԴ-ն նաև շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար նույնպես, կարծում եմ՝ դա հնարավորություն է բացում: Ցանկանում եմ ընդգծել նաև ՌԴ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ:

Մեր տարածաշրջանում անվտանգային գլխավոր մտահոգություններն ինչո՞ւմ են կայանում: Սա մտահոգում է մեզ: Կան ուժեր, որոնք կարծում են` Ռուսաստանը, որը մեր տարածաշրջանում հանդիսանում է անվտանգության առանցքային գործոն, - համենայն դեպս նման ընկալում առկա է Հայաստանի Հանրապետությունում, դա հաստատվում է այն հարաբերություններով և պայմանագրերով, որոնք գործում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև, - ՌԴ-ն շատ է զբաղված ուկրաինական թեմայով, և դա կարելի է օգտագործել որպես հարմար առիթ` իրավիճակի ապակայունացման համար: Կարող է զվարճալի թվալ, սակայն կա իրավիճակ, երբ կան ուժեր, որոնք մեծ էներգիա են ծախսում, որպեսզի Հայաստանը Մոսկվայում ներկայացնեն որպես պրոարևմտյան կառավարությամբ պետություն, իսկ Եվրոպայում և Արևմուտքում Հայաստանը ներկայացնել որպես խիստ պրոռուսական, և դա օգտագործել որպես գործոն` տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար:

Շատ ուրախ եմ, որ մենք այս հարցերի շուրջ գտնվում ենք սերտ երկխոսության մեջ մեր գործընկերների հետ` փորձելով պարզաբանել մեր դիրքորոշումները միջազգային օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ: Իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես եղել, այնպես էլ մնում են ու պետք է լինեն դաշնակցային, ռազմավարական: Հույս ունենք, որ այդ գործոնը կլինի առանցքային մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության համար:

Ցանկանում եմ իմ ելույթն ավարտել մի փոքր ոչ սովորական մտքով: Չեմ կարող ասել, որ համոզված եմ դրանում, բայց ունեմ տպավորություն, որ պետությունները, աշխարհի բոլոր կառավարություններն՝ առանց բացառության, ցանկանում են խաղաղություն և կայունություն: Խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը խաղաղության և կայունության մասին: Փաստացի, բոլոր պատերազմները, հակամարտությունները տեղի են ունենում ինչի՞ համար, ինչպիսի՞ նպատակ ունեն այդ հակամարտություններն ու պատերազմները: Վերջնական նպատակը խաղաղությունն է, քանի որ բոլորը պայքարում են խաղաղության համար, բոլորը ցանկանում են խաղաղություն, կայունություն, և գլխավոր խնդիրը դրանում է: Յուրաքանչյուրն ունի խաղաղության և կայունության իր պատկերացումը, և մեր նպատակն ու խնդիրն է, ցավոք, երբեմն անլուծելի խնդիր, ինչ-որ կերպ մոտեցնել մեր պատկերացումները: Գլխավոր խաղացողների համար, իհարկե, առավել դժվար է մոտեցնել պատկերացումները խաղաղության և կայունության բանաձևերի շուրջ, որոնց վրա պետք է հիմնվի խաղաղությունն ու կայունությունը:

Վերջին տարիների շատ տարածված է այս ձևակերպումը` բազմաբևեռություն: Կարծես սրանում ևս կա շատ մոտ կոնսենսուս, բայց խնդիրը նրանում է, որ բազմաբևեռությունը ևս յուրաքանչյուրը հասկանում է յուրովի և այստեղ ևս պետք է փորձել մոտեցնել դիրքորոշումներն ու պոտենցիալ բազմաբևեռության պատկերացումները: Շնորհակալություն ուշադրության համար»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է ֆորումը վարող լրագրող Իլյա Դորոնովի հարցերին:

Հարց – Պարոն վարչապետ, Հայաստանն այն երկիրն է, որը գիտի ինչ է էներգետիկ ճգնաժամը, առևտրային ճգնաժամը: 1990-ական թվականներին այդ ամենը վերապրել եք որպես երկիր: Բայց այժմ ձեզ մոտ տեղի է ունենում Ռուսաստանի հետ ինտենսիվ հարաբերությունների ուժեղացում: Վերջին մի քանի շաբաթներին Դուք Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ շփվել եք մի քանի անգամ, եկել եք Վլադիվոստոկ` ֆորումին մասնակցելու, իսկ չե՞ք վախենում, որ կընկնեք պատժամիջոցների տակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ` վախենալը ոչ այնքան օգտակար դիրքորոշում է, պետք է աշխատել, ինչպես ասացի, կառավարել այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս և փորձել ոչ միայն նկատել այն հնարավորությունները, որոնք բացվում են, այլ նաև աշխատել, որպեսզի նոր հնարավորություններ բացվեն: Իհարկե, մենք ևս մտահոգված ենք առևտրային, էներգետիկ անվտանգությամբ: Պետք է ասել, որ մեզ մոտ ևս մեծ գնաճ է և այն ուղիղ ազդում է մեր երկրի սոցիալական վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կառավարելի է: Խնդիր կա, բայց մենք չունենք ճգնաժամային իրավիճակ:

Ցանկանում եմ ընդգծել, որ դա նաև Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է: Հատկապես տարվա առաջին կիսամյակում բոլորն ունեին մեծ մտահոգություններ, և մենք ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում, այլ նաև երկկողմ ֆորմատով շատ ինտենսիվ շփվել ենք, բարձրացրել հարցեր: Պետք է ասեմ, որ տպավորված եմ այն օպերատիվությամբ, թե ինչպես են և՛ Վլադիմիր Վլադիմիրին, և՛ Միխայիլ Վլադիմիրին արձագանքում այն հարցերին և խնդրանքներին, որոնք բարձրացվել են հայկական կողմից: Սա շատ կարևոր գործընկերություն է:

Ես վստահ չեմ, որ Հայաստանի բոլոր բնակիչները գիտեն այս նյուանսները, չնայած նրան, որ այդ մասին մշտապես խոսում ենք, բայց դա իսկապես շատ կարևոր է: Մենք հենց նոր խոսում էինք տարբեր ուղղություններով ցորենի տեղափոխման մասին, բայց պետք է ընդգծեմ, որ շնորհիվ այն որոշումների, որոնք ընդունվել են Ռուսաստանի նախագահի, կառավարության կողմից` մեզ հաջողվել է այդ մարտահրավերները կառավարել միասին: Մեզ համար միայնակ շատ դժվար կլիներ զբաղվել դրանով»:

Այնուհետև ի պատասխան լրագրողի հարցի` Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների հոսքին: «Բազմաթիվ մարդիկ պարզապես եկել են Հայաստան, քանի որ մարդկանց անհրաժեշտ է ստանալ աշխատավարձեր, որովհետև նրանք փաստացի գտնվելով Ռուսաստանում, աշխատում են Արևմուտքի հետ: Ֆինանսական փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով նրանք այժմ տեղափոխվել են Հայաստան:

Իմ ելույթում ես փորձեցի ներկայացնել մեր տեսակետը: Հույս ունեմ, որ դա Ռուսաստանում ընկալվում է որպես ԵԱՏՄ-ում տեղաշարժ, քանզի ԵԱՏՄ-ն հենց դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի տեղի ունենա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, ինչը և այժմ մենք տեսնում ենք իրականում:

Վլադիմիր Վլադիմիրին այդ մասին ասաց, որ ինքը զգուշացրել է ապագա որոշ խնդիրների մասին, որոնք կարող են ի հայտ գալ այն գործարարների համար, որոնք աշխատում են Արևմուտքում, բայց կարծում եմ` Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է հենց այդպիսի իրավիճակների համար, որպեսզի մեր երկրների տնտեսությունները լինեն ավելի ճկուն: Արդարության համար պետք է ասել, որ հունվար-փետրվարին մեզ մոտ արդեն նկատվում էր տնտեսական բարձր աճ, բայց մարտին արդեն ի հայտ եկան խնդիրներ և մտահոգություններ:

Իհարկե, մարդիկ, որոնք ժամանեցին Հայաստան, շատ լավ օգնեցին, և մենք շատ ուրախ ենք: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, քանի որ կան նաև ոլորտներ, որոնք կարելի է միասին զարգացնել: Այժմ ի հայտ է եկել ռուսական տարածաշրջանների` հայ գործընկերների հետ աշխատելու լավ դինամիկա:

Դուք հարցրեցիք հնարավոր պատժամիջոցների մասին, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա. եթե թեորեապես Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ` դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին: Ի՞նչ ենք առաջարկում. մենք առաջարկում ենք համագործակցել գրագետ և օգտագործել այն հնարավորությունները, որոնք այժմ բացվել են և նկատել նաև այն մարտահրավերները, որոնք ոչ միայն առնչվում են Ռուսաստանին, այլ նաև ԵԱՏՄ-ին, մեր համագործակցությանը, որպեսզի կառավարենք և ինչ-որ կերպ չեզոքացնենք այդ մարտահրավերները: Այնպես որ, մենք շատ ուրախ ենք ՌԴ այն քաղաքացիների համար, որոնք ժամանել են Հայաստան:

Երբ այս տարվա առաջին կիսամյակում քննարկում էինք` մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հետևյալի վրա: Եթե նրանք տեղափոխվում են Հայաստան` նրանք մնում են Եվրասիական տնտեսական միությունում և հնարավորությունը, որ կվերադառնան Ռուսաստան՝ Հայաստանից մի քանի անգամ ավելի է, քան այն, որ նրանք աշխատեն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում: Նախկինում շատ ռուս զբոսաշրջիկներ արձակուրդներին ժամանում էին Հայաստան, այժմ արձակուրդին ժամանում են Ռուսաստան:

Ներկայումս մենք մեծ խնդիր ունենք անշարժ գույքի հետ, քանի որ Հայաստանում անշարժ գույքի գները բարձրանում են, վարձով բնակարնների գները ևս աճում են: Դա խնդիր է, բայց այն ստեղծում է նոր հնարավորություններ: Եթե չեմ սխալվում, այս տարի արդեն շինարարության ոլորտում ունենք 13 տոկոս աճ: Ռուսական բիզնեսը ևս հետաքրքրված է ներդրումներ իրականացնելու այդ ոլորտում:

Հնարավոր տնտեսական խնդիրների համատեքստում շատ կարևոր է՝ չնայած նրան, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք ՌԴ-ի հետ, միջազգային վարկանիշային գործակալությունները վերահաստատում են Հայաստանի Հանրապետության բարձր վարկանիշը: Ռուսաստանցի գործարարների ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել, որ Հայաստանը հիանալի առաջխաղացում է արձանագրում ազատ տնտեսություն ունեցող պետությունների վարկանիշային աղյուսակում, և այս համատեքստում, մենք ունենք նոր հավակնություններ և հույս ունենք, որ համաշխարհային մասշտաբով վարկանիշային աղյուսակում կհայտնվենք լավագույն տասնյակում:

Ունենք շատ լավ հնարավորություններ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը լինի էլ ավելի բարձր մակարդակի, չնայած նրան, որ Ռուսաստանը մշտապես, վերջին 30 տարիների ընթացքում եղել է Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը: Շատ կարևոր է, որ այժմ հնարավորություն է ստեղծվել փոխել նաև տնտեսական համագործակցության որակը»:

 

Լրահոս

Դիտել ավելին