Կարևոր իրադարձություններ

Խորվաթիայում քննարկվել են էլեկտրոնային արդարադատությանը և հանրային ծառայությունների թվայնացմանը վերաբերող հարցեր (լուսանկարներ)

06 Սեպտեմբեր, 2022 12:59
Խորվաթիայում քննարկվել են էլեկտրոնային արդարադատությանը և հանրային ծառայությունների թվայնացմանը վերաբերող հարցեր (լուսանկարներ)
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Հարությունյանը և Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ներկայացուցիչ Հասմիկ Տիգրանյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարար Իվան Մալենիցայի հետ:
 
Հատկանշական է, որ երկու բարեկամ երկրների միջև շուրջ երեսուն տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում սա երկու երկրների արդարադատության նախարարների առաջին պաշտոնական հանդիպումն է: Նախարարների համագործակցությունն սկիզբ է առել դեռևս 2021 թվականին՝ Վենետիկում կայացած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:
 
Այցի շրջանակներում կայացել է նախարար Անդրեասյանի և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարի միջև հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, դատական և իրավական, հակակոռուպցիոն, ինչպես նաև քրեական արդարադատության բնագավառներում, վեճերի այլընտրանքային լուծումների առնչությամբ Հայաստանում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր:
 
Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Խորվաթիայի Հանրապետության ձեռքբերումները, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտներում կատարված բարեփոխումները։ Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և փորձի փոխանակումը հետաքրքրական ոլորտներում։
 
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և վերջինիս գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Զագրեբի Մունիցիպալ քաղաքացիական դատարան և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարություն, քննարկումներ են տեղի ունեցել արդարադատության ու հանրային կառավարման ոլորտների թվայնացման համար պատասխանատու գործակալության, Դատական դեպարտամենտի, Եվրոպայի հետ հարաբերությունների և միջազգային համագործակցության դեպարտամենտի, կոռուպցիայի կանխարգելման ստորաբաժանման, Քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ոլորտների ներկայացուցիչների հետ։ Նշված քննարկումների շրջանակում կողմերը ներկայացրել են երկուստեք ձեռքբերումները և բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև՝ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության հետագա շարունակականության ապահովման և ընդլայնման ուղղությամբ։
 
Պատվիրակության անդամները հանդիպել են նաև Խորվաթիայի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
 
«Էլեկտրոնային արդարադատություն և արդարադատության ոլորտի հետ կապված պետական ծառայությունների մատուցման հարցեր» խորագրի ներքո հայաստանյան պատվիրակության այցը Խորվաթիայի Հանրապետություն կայացել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում:
 
 

Լրահոս

Դիտել ավելին