Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է. ԱԳ նախարար

03 Սեպտեմբեր, 2022 13:25
Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների առնչությամբ մեկնաբանություն է ներկայացրել:

Ըստ ԱԳ նախարարի, հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է:

«Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը:

Սա ևս մեկ անգամ վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի կողմից Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում:

Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։

Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,-ասված է ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին:

 Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը ևս տեղի կունենա նոյեմբերին:
 

Լրահոս

Դիտել ավելին