Հայ-վրացական սահմանին «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ «Բարեկամություն» կամուրջը Հայաստանի և Վրաստանի համար ռազմավարական և տարածաշրջանում եզակի նշանակություն ունի:
«Երկու երկրների տարածքում կառուցված, ժամանակակից չափանիշներին համապատասխանող կամուրջը՝ 160 մետր երկարությամբ, եզակի է տարածաշրջանում։ Այն կկրկնապատկի սահմանային անցակետի հզորությունը, կբարելավի տեղաշարժի որակը երկու երկրների քաղաքացիների, հյուրերի և տարանցիկ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև կամրապնդի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները»,- նշել է Ղարիբաշվիլին
Վրաստանի վարչապետի խոսքով՝ «Բարեկամություն» կամուրջը ռազմավարական նշանակություն ունի՝ որպես արևելքը արևմուտքին կապող հանգույց։
«Մենք մեր բարեկամության նոր կամուրջն ենք կառուցել։ Կամուրջն ուժեղացնում է մեզ, մեր երկրներին, տարածաշրջանը»,- համոզմունք հայտնեց Ղարիբաշվիլին։
«Բարեկամության» կամրջի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի մայիսին։