Կարևոր իրադարձություններ

Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից. Ժաննա Անդրեասյան

19 Օգոստոս, 2022 12:47
Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 17-18ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինանսաբյուջետային վարչությունների, լիցենզավորման գործակալության, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի ներկայացուցիչները։

Փոխնախարարը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ այսօրինակ խորհրդակցությունները նպաստում են համատեղ ջանքերով նոր գործիքակազմեր մշակելուն, որոնք թույլ են տալիս մեծացնել կրթական համակարգի արդյունավետությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի փոփոխության, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման, դպրոցներում նոր չափորոշիչների կիրառման, գնահատման, քննությունների անցկացման և վերանայման վերաբերյալ մի շարք հարցեր։

Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների՝ դպրոցներում պետք է ներդրվի կառավարման նոր մոդել՝ տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենը պատասխանատվություն է կրելու առավելապես կրթության որակի համար, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչատնտեսական մասի համակարգողին:

Օրենքի այս դրույթի կիրառման շրջանակում խորհրդակցության մասնակիցները քննարկել են «Լիազոր մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրելու կարգը հաստատելու մասին» նախագծի նախնական տարբերակը:

Փոխնախարարը մասնակիցներին առաջարկել է ներկայացնել քննարկվող կարգի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտարկումները, ինչից հետո միայն այն կամբողջացվի։

Հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից

Քննարկված մյուս հարցերը վերաբերել են դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի կիրառմանը, ավարտական՝ 9-րդ և 12-րդ դասարաններում քննությունների անցկացման ձևաչափերի պահպանմանը, փոփոխմանը և վերանայմանը, ավարտական փաստաթղթերի, մեդալների, գովասանագրերի տրամադրմանը, ինչպես նաև հանրակրթության նոր չափորոշչով նախատեսված գնահատման նոր կարգին։

«Հանրակրթության նոր չափորոշչի կիրառման տեսանկյունից բավականին առաջընթաց կա։ Չափորոշչով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն, իրականացնել բեռնաթափում։

Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից։ Կրտսեր դասարաններում միավորային գնահատումը փոխարինել ենք ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ։

Չափորոշչով սահմանված են նաև ԲՏՃՄ բնագավառում ուսուցման որակի աճը, հայագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը և այլ առաջնահերթություններ։

Պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին