Կարևոր իրադարձություններ

Համահայկական կրթական խորհրդաժողովում քննարկվում են Սփյուռքի հայկական կրթօջախների հիմնահարցերը

19 Օգոստոս, 2022 11:05
Համահայկական կրթական խորհրդաժողովում քննարկվում են Սփյուռքի հայկական կրթօջախների հիմնահարցերը

Օգոստոսի 16-21-ն Աղվերանում անցկացվում է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որը միավորել է Սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելու կրթական ոլորտում հայապահպանության արդի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովներ կազմակերպում է երկու տարվա պարբերականությամբ: Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ՝ ի դեմս թեմական կրթական խորհուրդների, համայնքների ներկայացուցիչների, կրթօջախների հոգաբարձուների, տնօրենների, ուսուցիչների: Այս տարվա խորհրդաժողովին մասնակցում են 21 երկրի կրթական ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ։

Երկամյա պարբերականությամբ Հայաստանում անցկացվող խորհրդաժողովների նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության հաջորդական քայլերը:

Խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ մասնակիցներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Ուղերձում մասնավորապես ասված էր․ «Շնորհավորում եմ բոլորին խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ։ Խորհրդաժողովում մեզ համախմբում է մեկ մտայնություն՝ հայեցի կրթության և դաստիարակության առկա հիմնախնդիրները Սփյուռքում։ Այն հնարավորություն է ընձեռում համախմբվելու և համատեղ քննարկելու այն ուղին, որով պետք է քայլի հայը, հստակեցնելու կրթության ոլորտում պետական քաղաքականությամբ ամրագրված համագործակցության զարգացման հեռանկարները, գնահատելու արդեն առկա և իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Այս օրերի արդյունքում մշակված բանաձևը պետք է արտացոլի այն հիմնախնդիրները, որոնց լուծումը կարևոր է Հայաստանի և Սփյուռքի կրթական դաշտի համար։ Մաղթում եմ ձեզ բարի երթ և բեղմնավոր օրեր»։

Խորհրդաժողովի բացմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը և նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ևս շնորհավորել է խորհրդաժողովի մասնակիցներին և ներկայացրել Արցախի Հանրապետության կրթական ներկայիս իրավիճակը, հետպատերազմյան խնդիրները, առկա մարտահրավերները նախադպրոցական կրթությունից մինչև բուհեր և գիտություն։ Հարց ու պատասխան ձևաչափով տեղի է ունեցել քննարկում, հնչել են համագործակցության առաջարկներ Արցախի ուսուցիչներին վերապատրաստելու, սեմինարներ կազմակերպելու և կրթական ոլորտի բարելավման այլ ուղղություններով։ Անահիտ Հակոբյանն ի պատասխան առաջարկների՝ ասել է, որ պատրաստակամ է դրանք մանրամասն քննարկել և ծառայեցնել ի նպաստ Արցախի կրթական համակարգի բարելավման։

Խորհրդաժողովում որպես աշխատանքի հիմնական ձև՝ սահմանված են լիագումար նիստեր և բաց քննարկումներ: Համախմբվելով ընդհանուր օրակարգի շուրջ` խորհրդաժողովի մասնակիցները ծանոթանում են ՀՀ-ում, ԱՀ-ում և Սփյուռքի տարբեր տարածաշրջանների կրթության ոլորտում առկա իրավիճակին, ուրվագծում են համագործակցության եզրերը և հստակեցնում հետագա խնդիրներն ու անելիքները: Տարբեր երկրների պատվիրակներն աշխատում են նաև միևնույն թեմատիկ մասնախմբերում` փոխանակելով իրենց փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին ու մանկավարժական ձեռքբերումներին: Մասնախմբերում այս տարվա առանցքային թեմաներն են Սփյուռքի ամենօրյա և մեկօրյա դպրոցներում արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման հիմնախնդիրները, կրթական կառույցների երկկողմանի համագործակցության հեռանկարները, նախադպրոցականների և մեծահասակների կրթության կազմակերպման առանձնահատկությունները, խնդիրները և այլն:

Խորհրդաժողովն ամփոփվելու է քննարկումների արդյունքներով պայմանավորված բանաձևի ընդունմամբ, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջիկա երկու տարիների գործունեության համար:

Առաջին անգամ Համահայկական կրթական խորհրդաժողովն անցկացվել էր 2004 թ.:

2020 թվականին COVID-19 վարակով պայմանավորված՝ խորհրդաժողովն անցկացվել է հեռավար ձևաչափով՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հետ համագործակցությամբ:

Քննարկվող առանցքային խնդիրներ

Խորհրդաժողովն անցկացվում է լիագումար նիստերի և առանձին մասնախմբերում աշխատանքային քննարկումների ձևաչափով։ Այս ընթացքում լիագումար նիստերում մասնակից ուսուցիչները ներկայացրել են իրենց համայնքներում կրթության կազմակերպման առանձնահատկություններն արդի Սփյուռքում։ Թեման քննարկվել է նաև մասնախմբերում։ Ղրիմի Եվպատորիա քաղաքի հայկական մեկօրյա դպրոցի ոսուցչուհի Կարինե Ասլանյանը ներկայացրել է, որ պետական աջակցությամբ միջնակարգ դպրոցում ստեղծել են «Մայրենի լեզու» նախագիծը, կազմել են ծրագիրը, որը հաստատվել է պետության կողմից։ Ուսուցիչները սկզբնական շրջանում աշխատել են անվարձահատույց։

«Հետագայում մենք կարողացանք հասնել այն արդյունքին, որ որոշակի պայմաններում վարձատրվեցինք։ Շատ արագ ինքնակազմակերպվելով՝ համագործակցեցինք ծնողների հետ և ստացանք դիմումներ։ Յոթ երեխայի դիմում ստանալու դեպքում տրամադրվում էր 2 դասաժամ՝ վարձատրությամբ․ այսօր ունենք 16 երեխա՝ 4 դասաժամով»,- իրենց փորձն է ներկայացրել Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչը։

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հայ մանուկների համար վերջերս բացվել է ամենօրյա մանկապարտեզ․ մինչ այդ գործել է մեկօրյա դպրոց։ Ինչպես ներկայացրել է այժմ մանկապարտեզում, իսկ մինչ այդ դպրոցում աշխատող Գայանե Մելքոնյանը, ինքը մասնագիտությամբ ֆինանսիստ է, սակայն ոգեշնչված Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից գործող «Վերածնունդ» մեկօրյա դպրոցի գործունեությամբ՝ որոշել է փորձի փոխանակմամբ հայագիտական առարկաներ դասավանդել Պրահայի հայկական դպրոցում։

«Դպրոց հաճախում էր շուրջ 50 աշակերտ՝ հիմնականում կրտսեր տարիքի․ այնքանով, որ ծնողներն էին նրանց ուղեկցում։ Դպրոցի նկատմամբ հետաքրքրությունն այդքան մեծ չէր։ Պետք էր շատ համոզիչ լինել գրավելու համար։ Սակայն նորաբաց ամենօրյա մանկապարտեզը կարծես ավելի մեծ հեռանկարներ ունի,- իր գնահատականն է ներկայացրել Գայանե Մելքոնյանը և ավելացրել,- եվրոպական միջավայրում մեծացող հայ երեխայի համար հայագիտական առարկաների դասավանդման մեթոդները պետք է վերանայվեն»։

Նա շատ է կարևորել հատկապես հայոց պատմության հաղթանակների ու փառահեղ էջերի ճիշտ մատուցումը, ինչն առավել հետաքրքրական կդարձնի հայկական կրթօջախը Սփյուռքում ապրող հայ մանկան համար։ Ուսուցչուհին որպես կարևոր խնդիր ընդգծել է նաև ծնողների մոտեցումն ու վերաբերմունքը՝ միտված հայապահպանությանը։

Փորձի փոխանակման համատեքստում տարբեր համայնքներ ներկայացնող կրթական ոլորտի ներկայացուցիչներն արձանագրել են՝ որպես հայկական դպրոցի գործունեության շարունակականությունն ապահովելու կարևոր քայլ, առաջնային է ուսումնասիրել տվյալ երկրի օրենսդրական դաշտը, որը շատ հաճախ առավել դյուրին ճանապարհով թույլ է տալիս կարգավորել հայապահպանության հիմնախնդիրները՝ ի նպաստ համայնքի։

Խորհրդաժողովի մասնակիցները տեղում նախանշել են հետագա համագործակցության առանցքային տարբերակները։

Մասնախմբերում քննարկվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ուղիները և հիմնախնդիրները։ Փոխգործակցության թիրախում հիմնականում անհրաժեշտ գրականության տրամադրումն էր։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող Գալուստյան-Նուբարյան ազգային վարժարանի տնօրեն Գևորգ Գազանճյանի գնահատմամբ՝ հայապահպանության խնդիրը համայնքում օրհասական է դառնում։ Նրա տեղեկացմամբ՝ վարժարանն ունի գրքերի խնդիր․ դրանք փոխարինվում են ուսուցիչների կողմից հավաքագրված տեքստերով՝ ըստ թեմաների։ Որպես աջակցություն և համագործակցություն ԿԳՄՍ նախարարության կողմից՝ առաջարկվել է արդեն իսկ հավաքագրված տեքստերն ուղարկել Հայաստան՝ փորձագիտական կարծիքի, ինչից հետո դրանք անհրաժեշտության դեպքում կհրատարակվեն որպես ձեռնարկ և կուղարկվեն Կահիրեի հայ համայնք։ Ըստ Գազանճյանի՝ վարժարանում ուսանող աշակերտը պետք է հայերենից քննություն հանձնի հաջորդ դասարան փոխադրվելու համար, սակայն աշակերտն ինքնին հայոց լեզվի կարևորությունը համայնքում այլևս քիչ է զգում։ Քննարկվել են Հայաստանից հայերեն դասավանդող ուսուցչի գործուղման հեռանկարներն ու հնարավորությունները ներկա պայմաններում։

Առաջարկվել է համագործակցաբար օգտվել Լիբանանի հայ համայնքի դասագրքերից, ինչին ի պատասխան՝ Լիբանանի հայ համայնքը ներկայացնող Տիգրան Ճինպաշյանը աջակցության պատրաստակամություն է հայտնել։ Վերջինս ընդգծել է դասագրքերի վերանայման խնդիրը, ինչպես նաև բարձրաձայնել է Լիբանանում հայ ուսուցիչների համալրման և մասնավորապես հայոց պատմություն դասավանդող մեթոդիստ ունենալու կարևորության մասին։

Խորհրդաժողովում, որպես կարևոր հիմնախնդիրներ, զեկույցներ են հնչել նաև լեզվական քաղաքականության (Դավիթ Գյուրջինյան, Լեզվի կոմիտե), արևմտահայերենի պահպանության, ճիշտ տառադարձման անհրաժեշտության (Սուսաննա Տիոյան, Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժին) և այլ խնդիրների վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին