Կարևոր իրադարձություններ

Մեղավորների փնտրտուք. «Հրապարակ»

17 Օգոստոս, 2022 09:10
Մեղավորների փնտրտուք. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մի կողմից խուլ անտարբերություն եւ զրո ապրումակցում կողքիդ ապրող մարդկանց ցավ ու դարդի հանդեպ, մյուս կողմից՝ մի անասելի վաշ-վիշ, ողբ ու կական՝ աննշան թվացող առիթներով։ Մենք, իրոք, ծայրահեղությունների հասարակություն ենք։ Խոսքն այն մասին չէ, որ մեկը բնականից սոցիոպատ է՝ անհաղորդ իր շրջապատի ու տարբեր իրադարձությունների հանդեպ, իսկ մյուսն ապրում է ընդհանուրի կյանքով եւ տառապում ուրիշների ցավով։

Խոսքն այն մասին է, որ հանրային կյանքով ապրող մարդիկ չեն կարողանում տարանջատել իրական վիշտը կեղծ ապրումներից, չեն կարողանում տարբերել, թե որն է մեծ մեղք, իսկ որը` փոքրիկ զանցանք, ինչի վրա չարժե կենտրոնանալ։ Չեն հասկանում, թե ինչում է արտահայտվում այսօր երկիրը կառավարողների մեղքը, եւ ինչ հարցերում կարելի է ներել նրանց սխալներն ու վրիպումները։ Եվ ամենակարեւորը՝ մեղավորների անվերջ փնտրտուքը, որով զբաղված է մեր հասարակությունը, միշտ ընթանում է սխալ ուղղությամբ եւ սխալ հասցեատեր է գտնում։

Երեւանի կենտրոնում սոսկալի պայթյուն է տեղի ունեցել, մենք ոչ թե դրա պատճառն ենք փնտրում եւ տրամաբանության շրջանակներում մեղավորներին որոնում, այլ մի քանոնահար աղջկա վրա ենք թափում մեր ազնիվ զայրույթը։ Փլատակներից զոհեր են հանում, ողբերգական ու ցավալի փաստերի ենք բախվում, եւ հղի կնոջ ու մանկահասակ երեխայի դին գտնելու ցավը վերաճում է այդ լուրը փոխանցող լրագրողների հասցեին աներեւակայելի հայհոյանքների։ Պայթյունի պատճառների տարրական վերլուծությունը եւ տարբեր վարկածներ առաջ քաշելու բնական փորձերը հայհոյանքների ու անեծքների տեղիք են տալիս եւ իր վարկածն առաջ քաշող փորձագետի վրա իրավապահներին են «քսի» տալիս: Ամեն ինչ գլխիվայր շրջվել է, իսկ սոցցանցերը երկրի անվտանգության լուրջ սպառնալիքի են վերածվել»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին