Կարևոր իրադարձություններ

Բժշկի խորհուրդն առաջին օգնություն ցույց տալու կարևոր կանոնի մասին

16 Օգոստոս, 2022 09:01
Բժշկի խորհուրդն առաջին օգնություն ցույց տալու կարևոր կանոնի մասին

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հաշվի առնելով, որ արդեն երկրորդ օրն է ինչ որոնողական աշխատանքներ են ընթանում, եւ հուրախություն բոլորիս՝ ողջ մնացածների հայտնաբերման հույսեր կան՝ կարծում եմ տեղին կլինի հիշեցնել մի կարեւոր համախտանիշի՝ երկարատեւ ճնշման համախտանիշի (crush syndrome) մասին։ Պարզ եւ հանրամատչելի եթե բացատրենք, ապա նշված համախտանիշն ի հայտ է գալիս վերջույթների երկարատեւ ճնշման հետեւանքով։ Փլատակի տակ գտնվողի վերջույթի վրա (ասենք, ձեռքին կամ ոտքին) կարող է ծանր պանել կամ այլ իր ընկել եւ դրանով խաթարել վերջույթի արյունամատակարարումը, միեւնույն ժամանակ տուժածը կարող է լինել գիտակից։ Օգնության հասածը բարձրացնում է պանելը կամ վերջույթը ճնշող իրը՝ դուրս բերելով տուժածին, եւ կարճ ժամանակ անց գիտակից տուժածի վիճակը սկսում է կտրուկ վատանալ, ընդհուպ՝ կարող է մահանալ։ 88-ի երկրաշարժի ժամանակ հաճախ կորուստներ ենք տվել սխալ կազմակերպված օգնության հետեւանքով։

Փորձեմ բացատրել, թե ինչ է կատարվում. արյան շրջանառությունից զրկված վերջույթում սկսում են տեղի ունենալ դանդաղ քայքայման ու մեռուկացման պրոցեսներ, կուտակվում են մեծ քանակությամբ թունավոր նյութեր (ընդորում, որքան շատ է մկանային հյուսվածքը, այդքան ավելի արտահայտված են այդ երևույթները)։ Արյան հունից անջատված վերջույթը ազատելուց հետո, այն միանում է օրգանիզմի ընդհանուր արյունաշրջանառությանը, եւ կուտակված բոլոր թունավոր նյութերը միանգամից անցնում են օրգանիզմ՝ բոլոր վտանգավոր ու բացասական հետեւանքներով՝ ինտոքսիկացիա, երիկամային անբավարարություն եւ այլն։

Ուստի օգնություն ցուցաբերողը, նախքան ճնշման տակ գտնվող վերջույթն ազատելը, պետք է տեղադրի լարան (жгут), վնասված մասից վերեւ, եւ նոր միայն ազատի վերջույթը ճնշող առարկայից։ Սա շատ-շատ կարեւոր է։ Եւ քանի որ փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաեւ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք կարող են եւ չունենալ համապատասխան գիտելիքներ՝ առաջին օգնության վերաբերյալ, ապա անհրաժեշտ է գոնե այս տեղեկությունը հասցնել մարդկանց՝ հնարավորինս տարածելով այն։ Կարծում եմ, ավելորդ չէ ընդգծել նաեւ, որ փրկարարական աշխատանքներին մասնակցող անձանց, ի թիվս այլ անհրաժեշտ պարագաների, պետք է տրամադրել նաեւ լարաններ (жгут), որպեսզի կարողանան դա օգտագործել ըստ կարիքի»։

 

Լրահոս

Դիտել ավելին