Կարևոր իրադարձություններ

Քանի վարույթ է հարուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնատար անձանց նկատմամբ

15 Օգոստոս, 2022 17:13
Քանի վարույթ է հարուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնատար անձանց նկատմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման վարչությունը 2022 թվականի առաջին կիսամյակում ապահովել է Հանձնաժողովի կողմից իրականացված վարույթների իրավական ապահովման աշխատանքները:

Վարույթների և իրավական ապահովման վարչության պետ Գյուլնարա Սարգսյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է կատարված աշխատանքը՝ տեղեկացնում են ԿԿ հանձնաժողովից:

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովը քանի՞ վարույթ է հարուցել։

2022 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից հարուցվել են թվով 45 հայտարարագրմանն առնչվող և կարգապահական խախտումների վերաբեյալ վարույթներ: 

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից հարուցվել են հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ թվով 30 վարույթներ, ինչպես նաև թվով 15 կարգապահական վարույթներ, որոնք հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 25-րդ հոդվածի 6․1-րդ մասով սահմանված դրույթի  ուժով։

Հարուցված 30 վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներից թվով 10-ը հարուցվել են սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով, 19-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով, իսկ 1-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտման հիմքերով։

Ո՞ր պաշտոնատար անձանց նկատմամբ են հարուցվել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։

Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներից թվով 20-ը հարուցվել են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, 3-ը՝ հանրային համայնքային պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, 3-ը՝ համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, 4-ը՝ հանրային համայնքային պաշտոններ զբաղեցնող անձանց ընտանիքի անդամների նկատմամբ։ 

Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ապա դրանք հարուցվել են ՀՀ վարչական դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորների և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի նկատմամբ։

Հանձնաժողովը քանի՞ վարույթ է քննել և լուծել 1-ին կիսամյակում։

2022 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը քննել և լուծել է (վարույթը եզրափակել է որոշմամբ) թվով 54 վարույթների վերաբերյալ  գործեր։ Նշված գործերից 16-ը հանդիսանում են նախորդ տարվա ընթացքում հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ, 11-ը՝ կարգապահական վարույթներ, իսկ 27-ը՝  ընթացիկ տարում հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։

Հաշվետու ժամանակահատվածում կայացված ՎԻՎ գործերով եզրափակված ինչպիսի՞ որոշումներ են կայացվել։

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից ընդունված թվով 1 որոշմամբ հայտարարատու անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում վարչական տույժը, իսկ 6-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 200․000 ՀՀ դրամի չափով, որոնցից 4-ի դեպքում հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 2-ը՝ օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագրերը չներկայացնելու հիմքով։

Հաշվետու ժամանակահատվածում եզրափակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթների արդյունքում Հանձնաժողովը կայացրել է թվով 36 որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու վերաբերյալ, որոնցից 24-ը հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով հարուցված վարույթներ, իսկ 12-ը՝ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով հարուցված վարույթներ։

Հաշվետու ժամանակահատվածում հարուցված թվով 15 կարգապահական վարույթներից՝ 11-ի դեպքում կայացվել է կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումներ։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին