Կարևոր իրադարձություններ

Արցախի հանրապետության նախագահն այցելել է Ճարտար

13 Օգոստոս, 2022 17:41
Արցախի հանրապետության նախագահն այցելել է Ճարտար

Հանրապետության նախագահը Ճարտարում ծանոթացել է նորակառույց մարզական համալիրի պայմաններին, հանդիպել համայնքի ավագանու անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և ծանոթացել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի պայմաններին, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերին:

Երկրի ղեկավարը կարևորել է համայնքներում մարզական նման կառույցների առկայությունը, նշել, որ պետությունը պատրաստ է աջակցել նոր մարզադահլիճների կառուցման, ինչպես նաև մարզական տարբեր միջոցառումների կազմակերպման ջանքերին:

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը նաև հանդիպել է համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, քննարկել առկա խնդիրները: Բարձրացված հիմնախնդիրներից Արայիկ Հարությունյանն առանձնացրել է խմելու և ոռոգման ջրի հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը, նշել, որ երկու տարվա ընթացքում փուլ առ փուլ ծրագիրն ամբողջությամբ կիրագործվի: Նախագահի հանձնարարությամբ՝ առաջիկայում նոր թափ կստանան նաև ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները, կլուծվեն սոցիալ-տնտեսական նշանակության մի շարք այլ խնդիրներ ևս։

Անդրադառնալով Հանրապետությունում ռազմաքաղաքական վերջին զարգացումներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ դրանք հիմնականում պայմանավորված են աշխարհաքաղաքական իրավիճակով, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարությամբ հաստատված առանց այն էլ փխրուն խաղաղությունը, այնպես էլ այդ խաղաղության պահպանման գործառույթը ստանձնած ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը:

Նախագահի խոսքով՝ պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց, իսկ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը առկա անվտանգային խնդիրների լուծման, բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման և կայուն ապագայի երաշխավորման ուղղությամբ:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էր Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին