Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

Վարչապետը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին (տեսանյութ)

12 Օգոստոս, 2022 19:19
Վարչապետը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին՝ գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանին, թիմի ավագ Հրաչիկ Թավադյանին, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանին, Սամվել Տեր-Սահակյանին և Մանուել Պետրոսյանին: Երկրից բացակայելու հանգամանքով պայմանավորված՝ հանդիպմանը ներկա չէին շախմատիստներ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Շնորհավորելով հավաքականի անդամներին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է.

«Հարգելի պարոն Փաշիկյան,

Հայաստանի Հանրապետության շախմատի հավաքականի հարգելի անդամներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս և ձեզ՝ Հայաստանի շախմատի հավաքականի հերթական մեծ հաջողության առիթով:

Իհարկե, Հայաստանի շախմատի հավաքականը մեր երկրի պատմության թերևս ամենատիտղոսակիր հավաքականն է՝ երեք անգամ Շախմատային օլիմպիադայի ոսկե մեդալ է նվաճել, մեկ անգամ՝ արծաթե, երեք՝ բրոնզե, Շախմատի թիմային գավաթի աշխարհի հաղթող, այսինքն՝ տիտղոսները շատ երկար կարելի է թվարկել:

Ուզում եմ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար և ընդգծել հետևյալը, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք, որպես նպատակ, ֆիքսել ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նվաճի Շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Սա ձևակերպել ենք որպես ռազմավարական նպատակ Հայաստանի համար, և ուզում եմ իմանաք, որ մենք նաև ձեր աջակցությամբ և խորհրդով կամ հայտով պատրաստ ենք անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել՝ դրան հասնելու համար:

Կարծում եմ՝ սա իրոք Հայաստանի համար ռազմավարական նպատակ է, և այն կյանքի կոչելու համար պետք է շատ մեծ աշխատանք կատարել: Այն, ինչ այսօր ունենք, հնարավորություն է տալիս, որ մենք զարգացման հաջորդ քայլն անենք, և դրա համար, իհարկե, Կառավարությունը, ես անձամբ, մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել: Կրկին ուզում եմ շնորհավորել: Եթե ուշադրություն դարձրեցիք, ես մեզ եմ շնորհավորում առաջին հերթին և ոչ թե ձեզ, բայց նաև ձեզ եմ շնորհավորում: Ես ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված իսկապես փառապանծ աշխատանքի համար»:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ շախմատի հավաքականի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի ընթացքի, մրցաշարից ստացած տպավորությունների, ինչպես նաև մեր երկրում ինտելեկտուալ այս սպորտաձևի զարգացման հեռանկարների շուրջ: Արծարծվել են պետական աջակցության ծրագրերին, մայրաքաղաքում ու մարզերում շախմատի դպրոցների բարելավմանը և նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, մարզիկների և մարզիչների գործունեության խրախուսմանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը վերահաստատել է Կառավարության՝ իր գործիքակազմով ոլորտի զարգացումը խթանելու պատրաստակամությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Շախմատի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, հավաքականի ավագ Հրաչիկ Թավադյանը, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով և Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամներով:

Վարչապետ Փաշինյանը Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին է հանձնել բարձր պարգևները և ևս մեկ անգամ գովեստի խոսքեր ուղղել նրանց՝ իրենց շախմատային հաջողություններով Հայաստանի հեղինակությունը միջազգային մրցաշարերում բարձր պահելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին