Կարևոր իրադարձություններ

Ինչու են ապամոնտաժում Բագրատունյաց-Արտաշիսյան խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը

12 Օգոստոս, 2022 13:56
Ինչու են ապամոնտաժում Բագրատունյաց-Արտաշիսյան խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը

Այսօրվանից սկսվում են Բագրատունյաց-Արտաշիսյան խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման ապամոնտաժման աշխատանքները: Սա այն վերգետնյա անցումն է, որը տեղադրելու ժամանակ տեղի բնակիչների դժգոհությունն էր առաջացրել, քանի որ թույլատրելիից մոտ էր բնակելի շենքերին:

Վերգետնյա անցումն ապամոնտաժելուց հետո կտեղադրվի այլ վայրում:

«Կոնստրուկցիան տեղափոխվելու է Դավիթաշեն վարչական շրջան: Ապամոնտաժելուց հետո հետիոտնային անցումները կկարգավովեն լուսացույցներով»,-Shabat.am-ին ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանը:

Հարցին` ինչու են որոշել ապամոնտաժել այդքան դժգոհություններ հարուցած, բայց այսքան տարի շահագործվող վերգետնյա անցումը, Լևոն Սարդարյանն ասաց. «Հենց այդ անցումն ապամոնտաժելու որոշման վրա որոշակի ազդեցություն նաև դա է ունեցել, բայց հիմնական նպատակը հավելյալ ծախս չանելն է, նոր վերգետնյա անցում չկառուցելը»:

Ինչպես արդեն տեղեկացրել էին Քաղաքապետարանի լրատվության վարչությունից, ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված` 1 ամսով՝ փուլային տարբերակով փակ կլինի Բագրատունյաց պողոտայի՝ անցմանը հարակից մեկական երթևեկելի գոտի: 

Գործընթացի առաջին փուլում կփակվի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին: Տրանսպորտային հոսքերի անցանելիությունը կապահովվի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներով: Այդուհետ, 2-րդ գոտու փակման պարագայում երթևեկությունը կիրականացվի 1-ին և 3-րդ գոտիներով, իսկ 3-րդ գոտու փակվելու դեպքում երթևեկելի կլինեն 1-ին և 2-րդ գոտիները:

Նույն սկզբունքով վերգետնյա անցման ապամոնտաժման ընթացքում կփակվի հանդիպակաց ճանապարհը (Երևանյան լճից Բագրատունյաց պողոտա եկող ուղղության մեկական երթևեկելի գոտին): Հետիոտնային անցումը Բագրատունյաց պողոտայի մի մայթից մյուսը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի՝ Բագրատունյաց պող.- Չեխովի փողոցի հարակից հատված՝ մինչև աշխատանքների ավարտը: 

Ն.Բ.

 

Լրահոս

Դիտել ավելին