Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Մեղրյանը խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Սյունիքի մարզային բաժնում

12 Օգոստոս, 2022 12:35
 Սերգեյ Մեղրյանը  խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Սյունիքի մարզային բաժնում

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն օգոստոսի 11-12-ը արտագնա խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Սյունիքի մարզային բաժնում, որին մասնակցել են ղեկավար կազմն ու մարզային բաժնի և բաժանմունքների պետերը։

Ինչպես հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, մարզային այցի նպատակն էր տեղում ծանոթանալ բաժնի աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին, 2022 թվականի առաջին կիսամյակի բաժնի գործունեության ցուցանիշներին։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզային բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանը Գլխավոր հարկադիր կատարողին ներկայացրել է 2022 թվականի առաջին կիսամյակում բաժնի կողմից կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը՝ զեկուցելով մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում կարճված և ավարտված վարույթների քանակի և նույն ժամանակահատվածում հարուցված և վերսկսված կատարողական վարույթների քանակի, ինչպես նաև կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա և փաստացի բռնագանձված գումարի հարաբերակցության մասին։ Բաժնի պետն ընդգծել է, որ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում այս երկու խումբ ցուցանիշների հարաբերակցությունը բարելավվել է։

Բաժնի պետն իր զեկույցում անդրադարձ է կատարել նաև բաժնի կադրային ապահովվածության խնդրին՝ նշելով, որ բաժնում կան բազմաթիվ թափուր հաստիքներ, ինչպիսի պայմաններում բաժնի բնականոն գործունեության կազմակերպումն էականորեն դժվարանում է։ Բաժնի գործունեությանն առնչվող այլ խնդիրները զեկուցելիս Արթուր Մարտիրոսյանը խոսել է նաև Սյունիքի մարզում կատարողական գործողությունների ընթացքում առգրավված տրանսպորտային միջոցների կայանման և պահպանության տարածքի բացակայության և այդ խնդրի լուծման անհրաժեշտության մասին։

Աշխատանքային ընթացիկ հարցերը քննարկելիս Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ կարևորել է Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ պահանջը հավասարապես կիրառելի է Ծառայության կառուցվածքային բոլոր օղակների և բոլոր աշխատակիցների նկատմամբ, ինչպես նաև ընդգծելով այդ նպատակին հասնելու հարցում հարկադիր կատարողների միջև աշխատանքի համաչափ բաշխման ապահովման կարևորությունը։ Քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ քաղաքացիների դիմումներին և բողոքներին սահմանված ժամկետում և պատշաճ կարգով պատասխանելու, հարկադիր կատարող-քաղաքացի հաղորդակցության որակի շարունակական բարձրացման ու Ծառայության աշխատակիցների կողմից ներքին կարգապահական կանոնների հետևողական պահպանման վերաբերյալ։

Առանձնահատուկ շեշտվել է հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթների շրջանակում առանձին կատարողական գործողությունների կատարման և որոշումների կայացման համար սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

Գորիսում Ծառայության ղեկավար կազմը շրջայց է կատարել նաև մարզային բաժնին հատկացված ու վերանորոգված շենքում, ծանոթացել շենքային նոր պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը։ Արձանագրվել է, որ նախորդ այցի ընթացքում գույքագրված խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծված են։ 

Խորհրդակցության ավարտին Սերգեյ Մեղրյանի կողմից տրվել են հանձնարարականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին