Կարևոր իրադարձություններ

Արջը, ջարդելով պատնեշները, մտել էր գոմ, վնասել կովերին (տեսանյութ, լուսանկարներ)

11 Օգոստոս, 2022 12:52
Արջը, ջարդելով պատնեշները, մտել էր գոմ, վնասել կովերին (տեսանյութ, լուսանկարներ)

Մարդ-վայրի կենդանի կոնֆլիկը միշտ արդիական է, սակայն այժմ խնդիրը գնալով ավելի է սրվում, քանի որ կենդանիները սկսել են տնտեսություններին ավելի շատ վնաս հասցնել: Այս խնդիրը տարբեր շերտեր ունի, հետևաբար լուծումը շատ բարդ է:

Վերջերս Կոտայքի մարզի Եղվարդի տարածքում արջը, ջարդելով երկաթե պատնեշները, լուսադեմին մտել էր գոմ: Կովերը փախել էին գոմից, բայց վնասվածքներ հասցրել էին ստանալ:

Մինչ նախրապանը աղմուկից արթնացել է ու հասկացել` ինչ է կատարվում, ավելի քան 40 կով հասցրել էր փախչել մոտակա սարերը: Մի քանի ժամ ման գալուց հետո տերը գտել էր կովերին` որոշները վնասված: Չգտնելու կամ արջի վնասելու դեպքում տնտեսվարողը ֆինանսական խոշոր` մոտ 60 հազար դոլարի վնաս կկրեր:

«Դեռ լավ է գտա, եթե չգտնեի, ով էր փոխհատուցելու, կամ եթե արջը վնասեր, ինչ էի անելու: Եթե արջը դիմացս դուրս գար, խփեի, պետք է դատեին ինձ, որ պաշտպանել եմ իմ տնտեսությունը»,- Shabat.am-ի հետ զրույցում ասում է տուժողը:

Կոտայքի մարզում սա երկրորդ դեպքն է: Առաջինը գրանցվել էր նախորդ ամիս` Մեղրաձորում. արջը մեղվի փեթակներն էր վնասել:

«Էկոնյուզ» բնապահպանական կայքի խմբագիր, «Արջերի փրկության» ծրագրի մասնակից Մարիամ Թաշչյանի կարծիքով սա լուրջ խնդիր է` վայրի բնություն-մարդ կոնֆլիկտ, այս դեպքում արջեր-մարդ կոնֆլիկտ:

Ըստ Մարիամ Թաշչյանի` սրա առաջացման հիմնական պատճառը մարդկային գործունեության հետևանք է, քանի որ շատ հաճախ այգիները, բնակավայրերը կառուցվում և շահագործվում են էնպիսի տեղերում, որտեղ կենդանիներն ապրում են: 

«Կենդանին չի հասկանում, որ վնաս է պատճառում, իսկ մարդը բանական էակ է ու եթե զբաղվում է գյուղատնտեսությամբ, պետք է կարողանա իր այգիներն ու գոմերը պաշտպանել, պետք է որոշակի գումար ծախսի ու պաշտպանի իր տնտեսությունը: Դրա համար ամբողջ աշխարհում քաղաքակիրթ երկրներում կան բազմաթիվ լուծումներ, այդ թվում էլեկտրական հովիվները, որոնք թույլ չեն տալիս կենդանիներին մոտենալ այն տարածքներին, որը պետք է պաշտպանել: Օրինակ` մեղվի փեթակներին, գոմերին էլեկտրական լարեր են քաշվում ու պաշտպանում են տարածքը»,-մեզ հետ զրույցում նշում է Մարիամ Թաշչյանը` հավելելով.

«Կենդանուն սպանել միայն նրա համար, որ ուզում է սնվե՞լ: Կենդանին միտումնավոր չի գալիս, որ վնասի մարդկանց: Պարզապես ուզում է սնվի, հետևաբար մարդը պետք է միջոցներ ձեռնարկի դրա համար: Կան հիմնադրամներ, որ օգնում են գյուղատնտեսներին, հովիվներ են  տրամադրում, այլ տարբերակներ են առաջարկում, զրուցում են, մարդկանց բացատրում են: Բայց քանի որ մեր երկրում համակարգված մոտեցում չկա խնդրի վերաբերյալ, ամեն մեկն անում է այն, ինչ ցանկանում է: Պետք է ինչ-որ պետական մարմին բոլորին հավաքի, ասի ժողովուրդ ջան կներեք, բայց դուք պետք է պաշտպանեք ձեր տնտեսությունները»:

«Արջերի խնդիրն արդեն 1-1,5 տարի է մեր ուշադրության կենտրոնում է: Այդ խնդրով շատ են զանգում, գրում: Թեժ գիծ զանգահարած քաղաքացիներին ամբողջ ինֆորմացիան տրամադրում ենք, տեղեկացնում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը` հավելելով, որ իրազեկման մասով ակտիվ աշխատում է նաև նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը. «Այս պահին անվտանգ վարքագծի կանոնների վերաբերյալ տեսահոլովակ է պատրաստվում, որը բոլոր մարզային հեռուստաընկերություններով ու Հանրայինով կպտտվի: Արդեն հաստատված է, նկարահանման ընթացքի մեջ է»:

Մինչ այդ` բնակիչների իրազեկումն իրականացվում է մարզպետարաններին տեղեկացնելով. ինչպես մարդիկ պաշտպանեն իրենց տնտեսություններն արջերի հարձակումներից, նաև արջ հանդիպելու դեպքում ինչ վարք դրսևորեն:

Շրջակա միջավայրի նախարարությունը խնդրին լուծում տալու համար հանձնաժողով է ձևավորել, որի մեջ կան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հիմնադրամներ, նախարարության մասնագիտական ստորաբաժանումներ, ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներ, տեսչական մարմնից, ԳԱԱ-ից, որոնք տարբեր ուղղություններով աշխատում են:

Նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ` կառույցը համալիր աշխատանքներ է տանում տարբեր ուղղություններով, բայց շատ բան կախված է «Կենդանական աշխարհի մասին» օրենքի ընդունումից, որը հիմա շրջանառության մեջ է:

Ըստ այդ օրենքի` անազատության մեջ պահվող կամ բնությունից վերցված կենդանիների համար օրենքով սահմանված վայր կլինի, որտեղ այդ կենդանիները կտարվեն: Այսինքն եթե կատաղի արջ է, կենդանուն ինչ-որ մի կառույց կվերցնի իր հոգածության ներքո:

«Նախարարությունն ունի ձևավորած հանձնաժողով, որն անընդահատ հանդիպում է, գույքագրում է արջերի բոլոր հարձակումները: Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոլոգիայի իստիտուտի հետ համագործակցությամբ ուսումնասիրվում է արջերի առանձին առանձնյակների վարքը, հնարավոր է, որ այդ արջը մոտենում է տներին, քանի որ սովոր է մարդկանց, հնարավոր է, որ այդ արջը տանը պահած արջ է, որը բաց է թողնվել բնություն և սովոր չէ բնության մեջ իր կենցաղավարությանը»,-ասում է Անի Հակոբյանը:

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտը սրվել է նաև այն պատճառով, որ մարդը հաճախ մտնում է կենդանիների բնական միջավայր: Ինչպես նշում է Անի Հակոբյանը, ըստ հարձակումների վիճակագրության` հատապտուղներ հավաքելու համար հիմնականում մարդիկ անգիտակցաբար մտնում են արջերի տարածք, և արջը հարձակվում է մարդու վրա:

Հավաքել այդ կենդանիներին ուր տանել: Այստեղ առկա է նաև տնտեսվարողների բացթողումը, որովհետև, ինչպես նշում է նախարարության ներկայացուցիչը, գյուղացիների հետ զրույցներում պարզվում է, որ հավաբնի դուռը բացթողած է լինում, արջը գալիս, մտնում ու վնաս է պատճառում:

Նախարարությունը վնասների մասով փոխահուտուցման մեխանիզմ չունի. դա  համայնքապետարանների, գյուղատնտեսության վարչությունների գործառույթն է: Այս պահին նախարարությունում տարբերակներ են քննարկվում, որ ինչ-որ մի ծրագրով խոցելի համայնքներին էլեկտական հովիվներ տրամադրվի:

«Ամենակարևորը գիտական կառույցները, հիմնադրամները, պետությունը պարտադիր արձանագրեն, որ դա եղել է արջ, այլ ոչ թե մարդ, որ վնասել է, գցել է արջի վրա: Չեմ ուզում որևէ մեկի հասցեին մեղադրանք հնչեցնեմ, բայց երբ ես պահանջում եմ արջերի հասցրած վնասները Վայոց ձորի բնակավայրերին, վնասների մեջ ինչ-որ մեկը գրում է 10 հատ հավի ճտի թևեր, բետոն, 10 մ ցանկապատ: Դա տրամաբանությունից դուրս է, չի կարող արջը 10 մ ցանկապատը հավաքի, տանի կամ մենակ հավի թևերը տանի, դրա համար ամեն ինչը պետք է լինի շատ հիմնավոր, որպեսզի խնդիրը պատկերացնենք ամբողջությամբ»,-ասում է Մարիամ Թաշչյանը` նշելով.

«Չեմ ուզում մեղադրեմ, բայց որոշակի չարաշահումներ անում են, ու շատ նորմալ է, քանի որ պետությունը չի վերահսկում այդ ամեն ինչը ու չի օգնում մարդկանց: Խնդիրը շատ գլոբալ է, սա մենակ մեզ մոտ չէ, ամբողջ աշխարհում այդ խնդիրը եղել է, ուղղակի քաղաքակիրթ երկրներում լուծվել է քաղաքակիրթ ձևով: Մեզ մոտ համակարգված գաղափար ու մոտեցում չկա: Մի կողմից ասում ենք ապօրինի է, չի կարելի սպանել կենդանուն, մյուս կողմից էլ այդ մարդկանց օգնություն չենք առաջարկում»:

Մարիամի փոխանցմամբ`մասնավոր հիմնադրամներ կան, օրինակ` Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Վայրի բնության հիմնադրամը, որ փորձում են իրենց միջոցներով օգնել, հովիվներ են տրամադրում, փոխհատուցում են տալիս, բայց դա քիչ է. «Իմ կարծիքով պետական համակարգված մոտեցում է պետք, որովհետև կենդանին տուժում է, իրեն սպանում են, ինչը լուրջ հետևանքներ կարող է ունենալ մեր էկոհամակարգի վրա, բայց մյուս կողմից էլ գյուղացին է տուժում»:

Գորշ արջը գրանցված է ՀՀ կարմիր գրքում, և արջին վնասելու համար նախատեսված է քրեական օրենսգրքով տուգանք նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով կամ կալանք 2-3 ամիս ժամկետով 1-5 մլն դրամի վնասի վերականգնմամբ:

Տարածքային ընդգրկվածությամբ ահազանգեր առավել հաճախ ստացվում են Վայոց ձորի մարզից, վերջերս ահազանգերը շատացել են նաև Շիրակից:

«Այս խնդիրը ամենասրվածը Վայոց ձորի գյուղերում է, կենդանիները շատ են մոտենում բնակավայրերին: Այնտեղ բավականին շատ է ու շատ լուրջ է խնդիրը: Անընդահատ ապօրինի որսը լինում է: Շատ հաճախ մարդիկ կրակում, սպանում են, ու ոչ ոք էլ չի իմանում այդ մասին: Դա, իհարկե, անթույլատրելի է»,-ասում է «արջերի պաշտպանը»:

Եթե կենդանիները տարածքներին մոտ են լինում, Բնապահպանական ընդերքի տեսչական մարմնի տեսուչները, ՊՈԱԿ-ների, ազգային պարկերի տեսուչները, հաճախ օդ են կրակում, վախեցնում կենդանիներին:

Ինչպես նշում է Թաշչյանը, արջ սպանելու դեպքում պետությանը վնաս է հաշվարկվում, քանի որ այդ կենդանին պատկանում է պետությանը, հետևաբար եթե դու սպանում ես, դու վնաս ես պատճառում պետությանը: Այսինքն` եթե արջ սպանվի, ու սպանողի մեղավորությունն ապացուցվի, դատարանով տուգանք կսահմանվի: Փոխհատուցումը կազմում է 1 մլն դրամ: 

«Բայց մինչև հիմա, անկեղծ ասած, ես նման դեպք չեմ հիշում, որ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվեր որսի համար: Դա շատ վիճելի հարց է, շատ դժվար է ապացուցել, քննիչներն էլ ոչ նորմալ աշխատում են, ոչ գլուխները ցավացնում են այդ թեմաներով, իրենց համար անկարևոր հարց է: Կենդանիները սպանվում են, պետությունը մոտեցում չի ցուցաբերում, գյուղատնտեսները փող չեն ուզում ծախսեն»,-եզրափակեց «Էկոնյուզ» բնապահպանական կայքի խմբագիր, «Արջերի փրկության» ծրագրի մասնակից Մարիամ Թաշչյանը:

հ.գ. հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ մեկ այլ ահազանգ ստացանք Վայոց Ձորի Գողթանիկ համայնքից: Մոտ 2 ամիս է գայլերը վնաս են հասցնում բնակիչներին. 40 ուլ և 17 ոչխար են հոշոտել: Մեկ այլ գյուղացու 3 հորթը, մյուսի մտրուկը: Գյուղի հարակից բնակավարում 2 ցուլ են վնասել: Այս ամենից զատ, արջն էլ մտնում է գյուղ և ծիրանի ծառերն է ջարդում, բերքը ուտում: Այս մասին առավել մանրամասն` հաջորդիվ:

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին