Կարևոր իրադարձություններ

Քրգործ՝ Ծովինար գյուղի երկու բնակիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով

10 Օգոստոս, 2022 18:31
Քրգործ՝ Ծովինար գյուղի երկու բնակիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծովինար գյուղի երկու բնակչի՝ միմյանց նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Քկ-ից։

Նշված գյուղի 33-ամյա բնակչի «գլխի բազմաթիվ վնասվածքներ», ինչպես նաև նույն գյուղի մեկ այլ՝ 57-ամյա բնակչի «ճկութային ֆալանգի ամպուտացիա» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն դիմելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին:
Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ծովինար գյուղին հարակից անտառամերձ ճանապարհին, նախկինում ունեցած անձնական խնդիրների պատճառով, 33 և 57-ամյա համագյուղացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ընթացքում վերջինս ատրճանակից կրակոցներ է արձակել համագյուղացու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել է 33-ամյա տղամարդու կողմից իրավապահներին ներկայացված հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:
Վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համագյուղացիների միջև նախկինում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի փաստի առթիվ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին