Կարևոր իրադարձություններ

Մեծ ֆուտբոլը վերադարձել է Կապան (լուսանկարներ)

10 Օգոստոս, 2022 12:28
Մեծ ֆուտբոլը վերադարձել է Կապան (լուսանկարներ)
Օգոստոսի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնակցեց մարզկենտրոնի վերանորոգված «Լեռնագործ» մարզադաշտում «Սյունիք» վերանվանված (նախկին «Գանձասար-Կապան») ֆուտբոլային ակումբի նորամուտի հանդիսավոր արարողությանը, որին հաջորդեց ՀՀ ֆուտբոլի 31-րդ առաջնության առաջին խմբի «Սյունիք» - «Շիրակ 2» խաղը։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
 
Ներկա էին ակումբի հիմնադիր ու հովանավոր «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ղեկավարությունը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, հյուրեր ու մարզասերներ։
 
Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորեց ֆուտբոլասերներին ու շնորհակալություն հայտնեց «ԶՊՄԿ»-ին՝ մեծ ֆուտբոլի՝ Կապան վերադարձի համար, ինչպես նաեւ կարեւորեց, որ այս օրերին մարզում զարգանում է սպորտը՝ հատկապես ֆուտբոլը, որը թիմային խաղ է ու միասնական աշխատանք։
 
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Սյունիք» ՖԱ-ի տնօրեն Վարդան Ջհանյանը նշեց, որ ֆուտբոլային ակումբի վերածննդի օրը Սյունիքում սպորտի հետագա զարգացման իրենց ծրագրերի հիմքն է, որի նպատակն է մարզում հասնել նրան, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա մարզվել ու զբաղվել սպորտով։
 
Մրցապայքարի մեկնարկին գնդակի առաջին հարվածի պատիվը վերապահվեց Սյունիքի մարզպետին։
Խաղն ավարտվեց դաշտի տերերի՝ «Սյունիք»-ի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
 
 

Լրահոս

Դիտել ավելին