Կարևոր իրադարձություններ

Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյան

09 Օգոստոս, 2022 18:54
Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյան

Արցախի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակչությանը տարհանելու նպատակով ներկայում ցուցակագրման գործընթաց է իրականացվում՝ պարզելու, թե ովքեր են ցանկանում հաստատվել Արցախում, ովքեր՝ Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝  նշելով, որ երեք համայնքներում, ընդհանուր առմամբ, մոտ 100 ընտանիք է բնակվում: 

«Մոտ օրերս համայնքապետերը կներկայացնեն համապատասխան ցուցակները և ըստ այդմ՝ կլուծվի Արցախ տեղափոխվող ընտանիքների բնակապահովման խնդիրը։ Այն ընտանիքները, որոնք կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն, կստանան բնակարան գնելու սերտիֆիկատ, իսկ մինչ այդ՝ բնակարանի վարձավճարի փոխհատուցում։ Նախնական տվյալներով Արցախում հաստատվելու ցանկություն է հայտնել նշված համայնքների բնակչության մոտ 25-30 տոկոսը»,-մանրամասնեց նախարարը:

Գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ արդեն հստակ է, որտեղ կտեղավորվեն Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվող ընտանիքներից Արցախում բնակվելու ցանկություն հայտնողները, որոնց պետությունն ապահովվելու է բնակարանով:

Խոսելով տարհանման  գործընթացում առկա խնդիրներից՝ Հայկ Խանումյանը հայտնեց, որ տեղափոխման հարցերը  կլուծվեն միջազգային տարբեր կազմակերպությունների, անհրաժեշտության դեպքում՝ նաև  պետության օգնությամբ։

«Այս պահին մեր գործընկերների հետ բանակցում ենք, որպեսզի օգնեն գործընթացի  կազմակերպման հարցում: Քննարկվում են տեխնիկական մանրամասները՝  ի՞նչ ձևով փոխանցվի գումարը և այլն»,-ասաց մեր զրուցակիցը՝  հավաստիացնելով, որ տեղափոխման հետ կապված խնդիրներ չկան։

Նրա հավաստմամբ՝ մինչև օգոստոսի 25-ը հնարավոր է արագ և ժամանակին կազմակերպել տարհանման գործընթացը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին