Կարևոր իրադարձություններ

ԱԻ փոխնախարարը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալին

09 Օգոստոս, 2022 18:30
ԱԻ փոխնախարարը հանդիպել է ԿԽՄԿ  պատվիրակության ղեկավարի տեղակալին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ կրթության ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը, Հայկական կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի պետ Լուսինե Քոչարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Համբարյանը երախտագիտություն է հայտնել ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջև շարունակական և արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԻ նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակներում սահմանամերձ դպրոցների պատրաստվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև ապահով սենյակների տիպային նախագծերի ստեղծումը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի դիմակայության, դպրոցներում և մանկապարտեզներում քաղաքացիական պաշտպանության պաշտոնական շինությունների տեղակայման կարևորությունը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԻՆ-ի աջակցությամբ մշակել դպրոցների անվտանգության չափորոշիչներ և այդ չափորոշիչներով Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի կրթական հաստատություններում ստեղծել տիպային ապահով սենյակներ։

Հանդիպման ավարտին Դ․ Համբարյանը հույս է հայտնել, որ երկուստեք համագործակցությունը շարունակական բնույթ կկրի։

 

Լրահոս

Դիտել ավելին