Կարևոր իրադարձություններ

Երկաթուղայինի օրը նշվել է մի շարք միջոցառումներով (լուսանկարներ)

09 Օգոստոս, 2022 13:16
 Երկաթուղայինի օրը նշվել է մի շարք միջոցառումներով (լուսանկարներ)

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները մի շարք միջոցառումներով նշել են իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը:

Հիմնական միջոցառումներն անցկացվել են Երևանում և հանրապետության գլխավոր երկաթուղային քաղաքում՝ Գյումրիում։

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը ներկա էր Մոսկվայի տանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում ելույթ է ունեցել՝ մասնավորապես նշելով. 

«Հարգելի պարոն Մելնիկով, հարգելի երկաթուղայիններ,

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, իմ և նախարարության անձնակազմի անունից շնորհավորել ձեզ երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ:

Պետության համար կարևորագույն այս ոլորտի բնականոն աշխատանքի ու զարգացման գործում նշանակալից են ձեզնից յուրաքանչյուրի ավանդն ու ջանքերը: Ավելորդ չէ նշել, որ նախաձեռնություններն ունենում են ցանկալի ընթացք և հանգրվան, երբ հիմնվում են համագործակցության վրա:

Խոսքերիս ապացույցը Արտակարգ իրավիճակների նախարարության և Հարավկովկասյան երկաթուղու միջև ձևավորված համագործակցությունն է՝ ի շահ պետության և քաղաքացիների։

Նշյալ արդյունավետ համագործակցությունը մեկնարկվել է դեռևս 2011 թվականից և շարունակվում է մինչ օրս: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասնագետների հետ համատեղ անցկացվել են զորավարժություններ երկաթուղային ենթակառուցվածքներում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակների հետևանքների վերացման, փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, դաշտային պայմաներում համատեղ գործողությունների համակարգման, տեխնիկական միջոցների, հնարավոր վթարների պարագայում հրամանատար և մարդկային ռեսուրսների պատրաստվածության մակարդակի ստուգման թեմաներով:

Մարդկային կյանքեր փրկելու և ավելի անվտանգ դարձնելու նպատակների զուգամիտման արդյունքում մշակվել են գործողությունների համատեղ պլաններ։

Իսկ սույն թվականի մայիսի 11-ին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ որոնք հավելյալ լիցք կհաղորդեն մեր համատեղ նախաձեռնություններին:

 

Թվարկումների այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել և վստահ ենք, որ նման արգասաբեր և բարեկամական համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։

 

Հարգելի երկաթուղայիններ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն և անվտանգ ծառայություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին