Կարևոր իրադարձություններ

Հաջողվել է փրկել դանակահարված տղայի կյանքը

09 Օգոստոս, 2022 11:02
Հաջողվել է փրկել դանակահարված տղայի կյանքը

Հուլիսի 21-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի բժշկական կենտրոն էր  ընդունվել երիտասարդ տղա՝  կրծքավանդակի շրջանում սուր կտրած-ծակած  վնասվածքներով, արյունահոսական շոկով, մթագնած գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակով:Այս մասին հայտնում են Վանաձորի բժշկական կենտրոնից։

Օրվա հերթապահ բժիշկները՝ վիրաբույժ Արտակ Քալաշյանը,  վնասվածքաբան Վահրամ Գրիգորյանը եւ անեսթեզիոլոգ Հովսեփ Հովհաննիսյանը, ճիշտ կողմնորոշվելով, հիվանդին անմիջապես բարձրացնում են վիրահատարան: Յուրաքանչյուր վայրկյանը թանկ էր, տղայի կյանքը «թելից էր կախված»: Բժիշկների հերթապահ խմբին են միանում նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Դավիթ Ազարյանը եւ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հովակիմ Գոքորյանը: Հենց վիրահատարանում արդեն մի կողմից բուժական միջոցառումներն էին կատարվում, մյուս կողմից՝ անհրաժեշտ հետազոտություններն իրականացվում:

Վնասվածքները շատ էին՝ կյանքին վտանգ սպառնացող: Վնասված էին  թոքերը, ստոծանին, վնասվածքը շարունակվում էր մինչեւ որովայնի խոռոչ: Որովայնահատումից հետո պարզ դարձավ, որ վնասված էր նաեւ հաստ աղիքը, ստամոքսը,  բարակ աղիները եւ  լյարդը:

Շուրջ 4 ժամ տեւած բարդ վիրահատությունը, ի պատիվ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների ու ողջ բուժանձնակազմի, անցել է բարեհաջող: Տուժած երիտասարդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, գտնվել  բուժանձնակազմի հսկողության ու ուշադրության ներքո: Հետո արդեն՝ հիվանդասենյակ:

Ի շնորհիվ բժշկական կենտրոնի օրվա հերթապահ խմբի բժիշկների ճիշտ կողմնորոշվելու, այնուհետ արդեն խմբին միացած մյուս բժիշկների ու ողջ բուժանձնակազմի պրոֆեսիոնալ գործողությունների, հնարավոր եղավ փրկել երիտասարդ տղայի կյանքը:

29-ամյա  տղան դուրս է գրվել հիվանդանոցից ապաքինումով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին