Կարևոր իրադարձություններ

Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին պրոֆեսիոնալ հեծանիվ է տրամադրվել

08 Օգոստոս, 2022 17:09
Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին պրոֆեսիոնալ հեծանիվ է տրամադրվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արմեն Գյոզալյանին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ի դեմս հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի՝ «Armenia Fund»-ի գործադիր տնօրեն Ազատուհի Կարաօղլանյանի:

Վերջերս «Armenia Fund»-ի ջանքերով ԱՄՆ-ում բարեգործական միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում իրականացված դրամահավաքի արդյունքում ձեռք է բերվել երկու նոր պրոֆեսիոնալ հեծանիվ և ԿԳՄՍՆ միջնորդությամբ փոխանցվել Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին: Հենց այդ հեծանիվներով են պատանի մարզիկները վերջերս մասնակցել Սլովակիայում անցկացված օլիմպիական մանկապատանեկան փառատոնին:

Այժմ արդեն Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին է նվիրաբերվել ևս մեկ պրոֆեսիոնալ հեծանիվ՝ արտադրված 2022 թվականին ֆրանսիական հեղինակավոր «Look» ընկերության կողմից: Այն նախատեսված է արդեն մեծահասակների և երիտասարդների՝ բացառապես անհատական մրցապայքարի համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել «Armenia Fund»-ին՝ ի դեմս գործադիր տնօրեն Ազատուհի Կարաօղլանյանի, ընդգծելով՝ առանց գույքի հեծանվային սպորտում անհնար է նույնիսկ մտածել ինչ-որ հաջողության մասին. «Սա իսկապես շատ թանկարժեք մարզաձև է, բայց վստահ եմ՝ ունենալով այսպիսի հեծանիվ, մեր տղաներն ու աղջիկները շատ ավելի ոգևորված և նպատակամղված կմարզվեն, իսկ մրցումներին էլ շատ ավելի խանդավառ կմասնակցեն՝ ապացուցելով, որ մենք ևս կարող ենք հաջողություններ ունենալ հեծանվային սպորտում»:

Ազատուհի Կարաօղլանյանի խոսքով՝ ինքը շատ է սիրում սպորտը և շատ է ցանկացել օգնել հայ մարզիկներին. «Երբ լսեցի, որ հեծանիվների կարիք կա, որպեսզի պատանի մարզիկները կարողանան մասնակցել օլիմպիական փառատոնին, մեծ սիրով ցանկացա մասնակցել և օգնել՝ ինչով կարող ենք: Սիրում եմ աջակցել հատկապես մեր նոր սերնդի երեխաներին: Կարծում եմ՝ սպորտը շատ կարևոր է ինչպես առողջության, այնպես էլ դաստիարակության, կյանքի որակի և կարգապահության համար»:

Հեծանվային սպորտի ՕՄՊՄԴ տնօրեն, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ևս շնորհակալություն է հայտնել մարզադպրոցին անհրաժեշտ մարզագույքով ապահովելու համար. «Սա լիովին էլեկտրական, բավականին թանկարժեք և պրոֆեսիոնալ հեծանիվ է, որը նախատեսված է հենց անհատական մրցավազքի համար: Երեկվա մարզումից հետո բոլոր երեխաները հավաքվել ու ուսումնասիրում էին նոր հեծանիվը: Երեխաների աչքերը փայլում էին ուրախությունից»:

Արմեն Գյոզալյանը նշել է՝ նոր հեծանվով երիտասարդ ու մեծահասակ հեծանվորդները կմասնակցեն ինչպես Հայաստանի, այնպես էլ հաջորդ տարի կայանալիք աշխարհի և Եվրոպայի առաջնություններին. «Վստահ եմ՝ սա կնպաստի ավելի լավ արդյունքներ գրանցելուն: Մեկ տարի առաջ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սկսեցինք բանակցել մեր ամերիկահայ ընկերների հետ՝ նոր հեծանիվների ձեռքբերման վերաբերյալ, ու շատ ուրախ եմ, որ հիմա ունենք այս արդյունքը: Երկու տարի առաջ էլ «Armenia Fund»-ի ջանքերով շուրջ 400 հեծանիվներ տրամադրվեցին Արցախի և Գյումրիի մարզադպրոցներին: Սա մեծ թիմի աշխատանք էր, ինչը, անկասկած, կնպաստի հեծանվային սպորտի զարգացմանը մեր երկրում»:

«Armenia Fund»-ի տնօրեն Ազատուհի Կարաօղլանյանն ընդգծել է՝ իրենք կշարունակեն աշխատանքներն ու պատրաստ են քննարկել հետագա համագործակցության հեռանկարները նաև այլ մարզաձևերում:

 

Լրահոս

Դիտել ավելին